Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է հրաձգության օլիմպիական վարկանիշային միջազգային վերջին մրցաշարը:
Հայաստանի պատվիրակներից դիպուկությամբ կրկին աչքի ընկավ մեր երկրից առաջինը Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը: Երևանցի մարզուհին օդամղիչ ատրճանակով 10 մ. հեռավորությունից վաստակեց 240, 7 միավոր, գրավեց առաջին տեղը և երկրորդ անգամ հաստատեց խաղերում հանդես գալու իրավունքը:
Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում մեր Բենիկ Խլղաթյանը զբաղեցրեց 15 –րդ հորիզոնականը:
Ի դեպ, խառը երկյակների մրցավեճում ուղեգիր կստանան նաև լավագույն քառյակում տեղ գտածները: Ավաղ, Էլմիրա Կարապետյան – Բենիկ Խլղաթյան զույգը մեկ քայլով ետ մնաց այդ հնարավորությունից, քանզի զբաղեցրեց հինգերորդ տեղը:
Էլմիրան իր ուժերը այսօր կփորձի նաև 25 մ. կրակագծում, նպատակով, որ առաջիկա համաշխարհային գլխավոր մարզահանդեսին մասնակցելու իր երկրորդ արտոնագիրը ունենա, իսկ հրացանակիրների մրցավեճին կմասնակցի Հրաչ Բաբայանը: