Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը գերազանցեց սպասելիքները Թուրքիայի Անթալիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնության առանձին գործիքների եզրափակիչներում:
Մեր պատվիրակները պարզապես հիացրին իրենց վստահ և կայուն մրցելույթներով: Մասնավորապես, Էջմիածինցի 15 –ամյա Համլետ Մանուկյանը փայլեց նժույգթափերում և օղակների վրա կատարած վարժություններով, արժանացավ մրցավարների բարձր գնահատանքին ու դարձավ աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն և ոսկե մեդալակիր:
Հմայիչ էր նաև Մամիկոն Խաչատրյանի << նժույգի սլացքը >>: Նա նույնպես արժանի է ամենաջերմ գովասանքի, քանզի Համլետի հետ բարձրացավ պատվո պատվանդան և կանգնեց փոխչեմպիոնի աստիճանին:
Մեր մեդալակիրները փաստորեն քայլում են հայրենական սպորտի նահապետ, Հելսինկիի օլիմպիական խաղերի / 1952թ. / երկուական ոսկե և արծաթե մեդալակիր, << նժույգի արքա >> համարումը ստացած, մեծն Հրանտ Շահինյանի բացած չեմպիոնական արահետով: Զարմանալ ու նաև հուզվել կարելի է այն բանի համար, որ եզրափակիչ մտած աշխարհի ութ առաջատար մարզիկներից երկուսը հայաստանցի են, այն էլ ՝ լավագույնները:
Հապա առաջնության կրկնակի չորրորդ մրցանակակիր Էրիկ Բաղդասարյանը: Նա օղակների և զույգափայտի վրա վարժությունների վճռական փուլում եզրափակեց առաջին քառյակները:
Հաջողության գործում, անշուշտ, չափազանց մեծ է թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և տղաներին մրցահարթակ ուղեկցած Հայկ Նազարյանի դերը:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, ասպարեզ ելածների անձնական մարզիչներին, հանրապետական ֆեդերացիային և ակնկալում նոր հաղթանակներ մեծահասակների մարմնամարզությունում: