Դեկտեմբերի 21-ին նշվում է աշխարհի ամենասիրված մարզաձևերից մեկի ՝ բասկետբոլի ծննդյան օրը։ Ամսաթիվը պատահական չի ընտրվել , քանզի առնչվում է պատմական նշանակալի իրադարձության հետ։
1891թ. դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդի քոլեջում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթը մրգային երկու զամբյուղ կապեց մարզադահլիճի պատշգամբին և մարտահրավեր նետեց ուսանողական թիմերին: Հայտարարվեց յուրատեսակ մրցույթ, թե որ թիմը կկարողանա դիպուկ նետումներով շատ գնդակ անցկացնել զամբյուղով:
Փաստորեն, այդ օրն է տեղի ունեցել բասկետբոլային առաջին խաղը։ Իսկ պաշտոնական անդրանիկ մրցամարտը կայացել է 1892թ. փետրվարի 12-ին և մարզաձևը ձայնի արագությամբ տարածվել է աշխարհով մեկ։
1936թ.միջազգային օլիմպիական կոմիտեն բասկետբոլն ընդգրկեց խաղերի ցանկում: Նույն թվականին այն հայտնվեց Բեռլինի համաշխարհային մարզահանդեսի ծրագրում և ԱՄՆ-ի հավաքականը դարձավ առաջին օլիմպիական չեմպիոնը։Դա մեծ անակնկալ չէր, քանզի խաղը բուռն տարածում էր ստացել Միացյալ Նահանգներում:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջնությունը աշխարհի ամենահայտնի ակումբային մրցաշարն է։
NBA-ն Ամերիկայում հիմնադրվել է 1949թ. NBL-ի (բասկետբոլի ազգային լիգա) և BAA-ի (Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիայի) միաձուլման արդյունքում։
1950թ. կայացել է աշխարհի առաջին առաջնությունը, որի հաղթողն է դարձել Արգենտինայի հավաքականը։
Հետաքրքիր է, որ պատմության մեջ ամենաբարձրահասակ բասկետբոլիստը եղել է լիբիացի Սուլեյման Ալի Նաշնունը: Նրա հասակը եղել է 245 սմ, իսկ ամենացածրահասակը՝ ամերիկացի Թայրոն «Մագսի» Բոգեսը՝ 160 սմ։
Եվս մեկ հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն: Հանրահայտ Rolling Stones երաժշտախմբի մենակատար Միք Ջագերը՝ իր ձայնի տեմբրին մասամբ պարտական է բասկետբոլի խաղին, որը նա սիրում էր դեռ դպրոցում:
Հանդիպումներից մեկի ժամանակ Միքը անհավանական ուժով բախվել է մրցակցին և կծել իր իսկ լեզվի կտորը։ Այս դեպքից հետո նա մեկ շաբաթ չի կարողացել խոսել, իսկ երբ նորից խոսել է, ձայնը արդեն փոխվել էր։
Հայ մարզասերը վաղուց ի վեր սիրում ու գնահատում է բասկետբոլ մարզաձևը: Մեր առաջատար մարզիկ – մարզուհիները համամիութենական թիմերի և հավաքականների կազմերում դարձել են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:
ԽՍՀՄ փլուզումից հետո, հասկանալի պատճառներով, երկրում բասկետբոլը տեղատվություն ապրեց: Վիճակը փոխվեց երբ ձևավորվեց ներկայի գործող ֆեդերացիան / նախագահ ՝ Հրաչյա Ռոստոմյան /:
Նոր ղեկավարությունը անընդհատ պրպտումների, որոնումների մեջ է: Ներքին մրցումներից բացի, մեր թիմերը մասնակցում են Եվրասիական, եվրոպական և միջազգային մրցաշարերի: Հենց ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող և ոսկե մեդալակիր:
Կարևորն այն է, որ մեր բասկետբոլը կառավարող մարդիկ սիրում են մարզաձևը, նվիրված են իրենց գործին և ապրում են նրա հոգսերով:
Տոնի առթիվ շնորհավորում ենք բոլոր բասկետբոլիստներին, մարզիչներին, մարզաձևի սիրահարներին և այն մարդկանց, որոնց գործունեությունը կապված է բասկետբոլի հետ: