Մեզանում աթլետիկայի տարածման գործում անուրանալի է Լիպարիտ և Մանվել Մալոյան եղբայրների ներդրումը: Նրանց հիշատակը հավերժացնելու նպատակ է հետապնդում Կապանի համայնքապետարանի և Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա հուշամրցաշարը:
Թվով վեցերորդ միջոցառմանը մասնակցեցին մայրաքաղաքի, Գյումրիի, Արտաշատի, Արցախի, Քաջարանի և տեղի մարզադպրոցների 37 մարզիկ – մարզուհիներ: Նրանք բոլորը ցատկորդներ են ու հանդես եկան հեռացատկ և եռացատկ մրցաձևերում:
Մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Արշամ Սարգսյանը զրույցում ասաց, որ կանանց պայքարում առավել հաջող հանդես եկավ կապանցի Յանա Սարգսյանը: Նա հեռացատկեց 6մ. 27 սմ. , եռացատկեց 13մ. 33սմ. , երկու դեպքում էլ սահմանեց հուշամրցաշարի ռեկորդ և գրավեց առաջին տեղը:
Տղամարդկանց հեռացատկում 7մ. 52 սմ. արդյունքով լավագույնը երևանցի Արտակ Համբարձումյանն էր, իսկ եռացատկում 15մ. 18 սմ. ցուցանիշով՝ արտաշատցի Գոռ Հովակիմյանը:
Կազմակերպիչները բոլոր մասնակիցներին նվերներ հանձնեցին, իսկ հաղթողներն ու մրցանակակիրները ստացան նաև հավաստագրեր և մեդալներ:
Նշենք նաև, որ բոլոր ծախսերը հոգացել էր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: