Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլին կմասնակցի նոր մարզչի` Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ մարզչի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրա փորձը.
«Նիկշա Բավցեւիչը մեծ փորձ ունի ե´ւ ակումբային, ե´ւ հավաքականի մակարդակով: Բավական է նշել, որ նրա գլխավորությամբ Խորվաթիայի երիտասարդական հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել: Դա շատ լուրջ արդյունք է:
Մարզիչը լավ ծանոթ է հայկական բասկետբոլին: Բավցեւիչի գործակալն ազգությամբ հայ Սեւակ Կեուչյանն է: Արդեն մեկ տարուց ավելի է Կեուչյանը մեր ֆեդերացիայի հետ անմիջական աշխատում է»,- ասաց Արթուր Նազարյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ մարզիչը բասկետբոլիստների հետ կծանոթանա ամռանը: Հուլիսին ազգային թիմը կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին.
«Բավցեւիչն անընդհատ կապ է պահում բոլոր խաղացողների հետ: Նա ունի ընդլայնված կազմ, վերջում կկատարի ընտրություն: Մի շարք նոր բասկետբոլիստներ կան, որոնց մարզիչը հետեւում է եւ առաջիկայում կհրապարակի կազմը: Բնականաբար, հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Ազգային թիմն ամբողջ նախապատրաստական փուլը կանցկացնի Երեւանում: Հավաքին կմասնակցի 12-16 բասկետբոլիստ:
Հուլիսին մայրաքաղաքում նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 4 երկրների մասնակցությամբ: Բանակցում ենք մի շարք հավաքականների հետ: Այս պահին մի քանիսը նախնական հաստատել են իրենց մասնակցությունը: Հիմա սպասում ենք վերջնական հաստատմանը: Սա նաեւ լավ հնարավորություն է երկրպագուների հետ շփման, ինչպես նաեւ մարզաձեւի մասսայականացման համար»,-նշեց Արթուր Նազարյանը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են` Բոսնիան, Սլովակիան եւ Շվեդիան: Ընտրական փուլը կմեկնարկի օգոստոսի 2-ին:
Լուսանկարը` Արթուր Նազարյանի անձնական արխիվից