Էդգար Ստեփանյան. Թուրքիայում լավագույն արդյունքս 10-րդ տեղն էր

12:45 - 30 Ապր, 2017

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ապրիլի 20-23-ը Թուրքիայում վրացական «Զիկո» ակումբի կազմում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այն ընթացել է չորս փուլով: Ստեփանյանն իր լավագույն արդյունքը գրանցել է մրցման առաջին օրը` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:  Տարվա առաջին մրցաշարի համար հեծանվորդն իր արդյունքը բավարար է համարում.

«Մրցաշարին մասնակցելու առաջարկը ստացա Վրաստանի «Զիկո» ակումբից: Խճուղային հեծանվավազքի անհատական մրցաշար էր: Ընդհանուր թիմում իմ արդյունքը լավագույնն էր: Մարզիչս` Արմեն Գյոզալյանը, ասում է` լավ է, ուրեմն պետք է աշխատեմ, որ ավելի լավ լինի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Էդգար Ստեփանյանը: 

Հեծանվորդը մայիսի 11-14-ը «Զիկո» ակումբի հետ միջազգային մրցաշարի կմասնակցի կրկին Թուրքիայում: Ստեփանյանը վրացական ակումբի անդամ չէ: Նրան պարզապես ընդգրկում են թիմի կազմում` որոշ մրցաշարերում հանդես գալու համար.

«Շատ լավ մարզվել եմ նաեւ ձմռանը: Այս փուլերն անցնում եմ, որ լավագույն կերպով պատրաստ լինեմ տարվա կարեւորագույն առաջնություններին: Տարին հագեցած է մրցումներով:

2016 թվականին Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 10-րդն էի: Այս տարի պետք է բարելավեմ արդյունքս»,- ասաց հեծանվորդը:

Էդգար Ստեփանյանն օգոստոսին կմասնակցի Մ 23 տարեկանների, իսկ հոկտեմբերին` մեծահասակների Եվրոպայի առաջնություններին:

 

 

Լուսանկարը` Էդգար Ստեփանյանի անձնական արխիվից

Այլ նորություններ