Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է մարտի 12-14-ը Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած Հայաստանի առաջնությունը:
Գո՞հ եք մարզիկների ցուցադրած արդյունքներից:
Տղաները վատ չդրսևորեցին իրենց: Լավ էին պատրաստվել և գոհացրին մեզ: Ասեմ ավելին՝ այսքանի չէինք սպասում:
Ի՞նչ ծրագրեր կան մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը:
Մարտի 18-ին մեկնում ենք Կատար՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Մարտի 28-ից Վրաստանում կանցկացնենք մեկշաբաթյա հավաք և այնտեղից 6 մարմնամարզիկներ` Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Վիգեն Խաչատրյանը կմեկնեն Եվրոպայի առաջնությանը:
Վահագն Դավթյանն ուսի վնասվածք ուներ: Ինչպե՞ս հանդես եկավ:
Երկար ժամանակ բուժվում էր, բայց նրա ցույց տված արդյունքը գոհացրեց մեզ:
Հակոբ Սերոբյանն առաջնության սկզբում նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձնելու նաև երիտասարդներին: Նրանք արդարացրի՞ն սպասելիքները:
Այո՝ արդարացրին, ունենք մի քանի լավ տղաներ: Նրանցից հինգը մեծահասակների հետ Վրաստանում կմասնակցեն հավաքի, որպեսզի փորձ հավաքեն և ավելի աճեն:
Սոս Սարգսյանն ավելացրեց, որ Եվրոպայի առաջնությունում բազմամարտում հանդես կգան Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, իսկ Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչներն ուժերը կփորձեն առանձին գործիքների վրա: