Կրկին ներկայացնում ենք Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ելույթների ժամանակացույցը:
Հայաստանի մարզիկներից առաջինը մրցապայքարի կելնի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա փետրվարի 6 –ին ուժերը կչափի 30 կմ սկիաթլոն մրցաձևում / 15կմ դասական ոճ + 15կմ ազատ ոճ /: Աշոցքցին երկրորդ անգամ մրցուղի կելնի փետրվարի 11 –ին ՝ 15 կմ դասական ոճում: Ինչ վերաբերում է << Աշոցքի դուստրեր >> , դահուկավազորդուհիներ Կատյա Գալստյանին և Անգելինա Մուրադյանին, ասենք, որ ավելի ծավալուն աշխատանք պետք է կատարի Կատյան: Նա փետրվարի 8 –ին կմասնակցի արագավազքի ազատ ոճում, իսկ երկու օր հետո, Անգելինա Մուրադյանի հետ, մրցակիցների դեմ կմրցի 10 կմ դասական ոճում:
Հայ մարզասերը առանձնակի հետաքրքությամբ է հետևում օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցումներին, մասնավորոպես՝ պարային զույգերի ելույթներին: Շեշտեցինք պարային զույգերը, քանզի նրանց կատարումները, հիրավի, սպորտի և արվեստի յուրատեսակ սինթեզ է հիշեցնում, մանավանդ որ, աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, բարձրաշխարհիկ մարզասերների համակրանքին արժանանալու նպատակով, հաճախ են ընտրում հայ հանրաճանաչ երգահանների ստեղծագործությունները:
Հենց այն, որ մեր եռագույնի պատիվը պաշտպանող կանադահայ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը մասնակցում են պարային զույգերի օլիմպիական հանդեսին ՝ արդեն մեծ պատիվ է մեր երկրի համար:
Մեր երկյակը պայքարը կսկսի փետրվարի 12-ին / պարտադիր ծրագիր /: Հաջողության պարագայում Հայաստանի զույգը փետրվարի 14 –ին իր ունակությունները կդրսևորի արդեն ազատ ծրագրի եզրափակիչում:
Հաճախ ենք հեռակապով զրուցում մեր պատվիրակության անդամների հետ, հետաքրքրվում նրանց առօրյայով: Պեկինում, համավարակի պատճառով, ամենուրեք առկա են խիստ սահմանափակումները: Դրանից չեն դժգոհում մերոնք: Ավելին, ոգևորվում են, քանզի մարզվելու պայմաններն առավել անվտանգ են դառնում:
Իրենց մրցելույթների մասին մեր օլիմպիականները կանխատեսումներ չեն անում. զուսպ են և դրանով ասես քողարկում են հաջողության հասնելու իրենց մեծ ձգտումը, մեր եռագույնի պատիվը բարձր պահելու վճռականությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կրկին հաջողություններ է մաղթում մեր մարզիկ ուստրերին ու դուստրերին, հավատալով, որ նրանք կիրականացնեն հայրենանվեր նպատակները: