ԴԱՐՁՅԱԼ ՄԻԱԿԸ ՄԵՐ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԻՑ

11:56 - 09 Հուլ, 2024

Նախորդ ՝ Տոկիոյի  ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում  Հայաստանի միակ  պատվիրակ Էլմիրա Կարապետյանը գրավեց 18 –րդ տեղը և եզրափակիչ չմտավ:

Հիմա էլ նա մեր երկրի միակ ներկայացուցիչն է Փարիզի ստուգատեսում: Ինչպիսին կլինի մարզուհու  մրցելույթը օդամղիչ ատրճանակով 10 մ. հեռավորությունից կայանալիք կրակահերթերի ընդհանուր արդյունքը՝  դժվար է ասել: Գիտենք սակայն, որ 54 մրցակցուհիների պայքարում շուրջ 580 միավոր պետք է վաստակել եզրափակիչ փուլ մտնելու համար: Այս մասին նրա  հետ չզրուցեցինք: Սխալ չհամարեցինք հիշել երևանցու  խոսքը երեք տարի առաջ ունեցած  մեր զրույցից.  << Տոկիոյի օլիմպիական մրցաշարը վկայեց, որ հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ:  Թեև ասում են,  որ համաշխարհային գլխավոր մարզահանդեսում  կարևորը մասնակցությունն է, բայց դա չի համապատասխանում իմ էությանը: Մարզիկը չպիտի մրցավայր մեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Ասպարեզ ելնողի հիմնական նպատակը մրցանակակիր դառնալը պետք է լինի: Մարզիչների հետ արդեն վերլուծել ենք իմ սխալները, գնահատել ունակություններս: Հաստատել ենք նաև անհատական ծրագիր, որով առաջնորդվում եմ . . . >>:

Էլմիրա Կարապետյանը նախապատրաստության վերջին փուլն անցկացնում է Երևանում: Նա Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի հուլիսի 16 –ին և հաջորդ օրը կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցավազքին: Այնուհետև մարզումները կշարունակի Փարիզում, որտեղ  կրակագիծ կելնի խաղերի բացման  հաջորդ օրը ՝ հուլիսի 27 –ին:

 

Այլ նորություններ