Քիքբոքսինգի Հայաստանի հավաքականները սեպտեմբերի 19-25-ը Ռուսաստանի Անապա քաղաքում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը: Հայ մարզիկները նվաճել են երկու ոսկե, յոթ արծաթե ու երեք բրոնզե մեդալ:
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներին, մարզիչներին ու ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանին:
Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց մարզիկներին եւ հայտարարեց, որ մոտ օրերս քիքբոքսինգի ֆեդերացիան կընդգրկվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցող ֆեդերացիաների ցանկում.
«Քիքբոքսինգի ֆեդերացիան Հայաստանում ամենակարգապահներից է: Պաշտոնական կարգավիճակը մի շարք առավելություններ կտա ֆեդերացիային, կկարողանաք սպորտի վարպետի կոչումներ ստանալ եւ այլն: Հարգելի մարզիկներ, վստահ եմ, որ հաջորդ տարվանից էլ ավելի համախմբված ու բարձր ոգով կմասնակցեք միջազգային մրցաշարերին:
Մեր գլխավոր նպատակն է՝ Հայաստանում համատեղել կոնտակտային մարտարվեստները եւ ստեղծել միասնական հանրապետական առաջնություն: Շատ կարեւոր է, որ քիքբոքսինգի ֆեդերացիայի կարգ ու կանոնը վարակիչ լինի մեր մյուս մարզաձեւերի ֆեդերացիաների համար»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահը, ի նշան շնորհակալության, գավաթ հանձնեց նախարար Հրաչյա Ռոստոմյանին: