Ցածր քաշային կարգերում մեր մարզիկները հետ են մնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.
«Մեր մարզիկներն ավելի խոշոր են դարձել: Նախորդ հավաքին հրավիրել էինք 12 ծանրորդ, որից 8-ը միջինից ծանր քաշ ուներ: Այս տարին որոնումների եւ փորձարկումների տարի է: Պետք է մարզիկներին հասցնենք այն մակարդակին, որ մասնակցեն օլիմպիական խաղերին:
Այժմ պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Կմասնակցեն այն ծանրորդները, որոնք կպայքարեն մեդալի համար: Հավաքականի կազմում կլինեն մեր առաջատարները, նաեւ մի քանի երիտասարդներ: Տեսնենք, թե ինչպես են իրենց դրսեւորդում մեծահասակների հետ:
Յուրաքանչյուր ծանրորդ ինքն է իրեն ընդգրկում հավաքականի կազմում՝ իր բարձրացրած կիլոգրամներով եւ վերաբերմունքով: Կան մարզիկներ, որոնք իմ մարզչական պահանջներին չեն համապատասխանում: Նրանցից մեկն Աղասի Աղասյանն է: Ես նրան ասել էի, որ կլինի հավաքականի կազմում, եթե միջազգային չափանիշներին համապատասխան արդյունքներ ունենա: Այս առաջնության ժամանակ նա պետք է լիներ 85 կգ քաշային կարգում, սակայն 450 գ. ավելի էր կշռում: Տվյալ դեպքում մարզիկն իրավունք չունի մասնակցելու այդ առաջնությանը: Սակայն, ես խախտեցի միջազգային կանոնակարգը եւ նրան թույլ տվեցի մասնակցել 94 կգ քաշային կարգում: Նա զգաց, որ այդ կարգում չի կարող չեմպիոն դառնալ եւ դիմեց դերասանական միջոցների: Միշտ լինում են մարզիկներ, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ են»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Անդրադառնալով վնասվածքից վերականգնվող Անդրանիկ Կարապետյանին` մարզիչը նշեց, որ նրան կտեսնենք աշխարհի առաջնությունում.
«Անդրանիկ Կարապետյանն արդեն մարզվում է: Նա կմասնակցի աշխարհի առաջնությանը 85 կգ քաշային կարգում: Անդրանիկը չի կարող վերադառնալ 77 կգ քաշային կարգ, քանի որ վնասվածքը կկրկնվի: Քաշ գցելը շատ վտանգավոր է: Եթե նոր քաշում նա իր արդյունքներին ավելացնի 5-ական կիլոգրամ` կդառնա առաջատար»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
ՀԱՕԿ լրատվության բաժին