ՄՕԿ – Ի ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

11:47 - 03 Փետ, 2022

Պեկինում  աշխատանքներն է սկսել  միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 139 –րդ  գլխավոր համաժողովը: Օրակարգում  ամենակարևոր հարցերն են , քանզի նիստն անցկացվում է կրճատ ծրագրով: ՄՕԿ-ից պարզաբանում են, որ մնացած խնդիրները կքննարկվեն մինչեւ տարեվերջ։ Սա պայմանավորված է նրանով, որ Պեկինի օլիմպիական խաղերն ընթանում են խիստ սահմանափակումների պայմաններում:

Հավանության է արժանացել 2028թ.  Լոս Անջելեսի ամառային մարզահանդեսի ծրագրում   սքեյթբորդինգ, սյորֆինգ և սպորտային ժայռամագլցում մարզաձևերի ընդգրկման առաջարկը։ Այդ ձևերը  իրենց նորամուտը նշել են Տոկիոյի խաղերում:

Բռնցքամարտը, ծանրամարտը և ժամանակակից հնգամարտը պետք է համապատասխանեն  անհրաժեշտ չափանիշներին՝ իրենց տեղը պահպանելու համար։ 

ՄՕԿ – ի նախագահը Տոկիոյի խաղերն անվանել է աննախադեպ  և հիմա ասածն ավելի հստակ է դառնում: Իհարկե պահանջվել են  մեծ ջանքեր: Ամենակարևորը, որ ստուգատեսն անցկացվեց, թեև մեկ տարի առաջ շատերը կասկածում էին կայացման հարցում:

Նա նաև  ասել է, որ վերջերս որոշ մարդկանց մտքում կային  <<  նողկալի  ուրվականներ >> ՝ կապված  խաղերը բոյկոտելու հետ:Հետևաբար, ամեն ինչ արվեց,  որպեսզի պահպանվի  մարդկությանը  միավորող օլիմպիական խաղերի  առաքելությունը:

Մարզիկները երկար ժամանակ ստիպված են եղել սարսափելի անորոշության զգացումով ապրել, բայց հիմա նրանք կարող են իրականացնել իրենց երազանքը և մասնակցել օլիմպիական խաղերին:

Թոմաս Բախը կոչ  է արել հարգել օլիմպիական զինադադարը։ Մարզաձևերը  միայնակ չեն կարող խաղաղություն բերել, իսկ օլիմպիական խաղերը խաղաղության խորհրդանիշն են և  ցույց են տալիս դրան հասնելու ճանապարհը:

Աֆրիկայի ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ANOCA) նախագահ Մուստաֆա Բերրաֆը և ըմբշամարտի համաշխարհային կազմակերպության (UWW) նախագահ Նենադ Լալովիչը նիստում դեմ են արտահայտվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)՝  աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելու ծրագրին։ 

Նրանք նշել են , որ ՖԻՖԱ-ի որոշումը  անուղղելի վնաս կհասցնի սպորտին։ Այդ նախաձեռնությունը ստվերելու է մյուս մարզաձևերը, որը անընդունելի կլինի: Կխաթարվի բոլոր մարզաձևերում հավասարություն ապահովելու  ջանքերը:

Ֆուտբոլիստները ռոբոտներ չեն, նրանց ժամանակ է պետք վերականգնվելու, ընտանիքի և ընկերների հետ լինելու համար: Բացի գումար վաստակելուց, կան նաև այլ առաջադրանքներ ու  նպատակներ։ Սպորտը կյանքի դպրոց է և արտահայտում է օլիմպիական շարժման գաղափարները։ Աֆրիկացի երիտասարդ  ֆուտբոլիստները ռիսկի կենթարկվեն, եթե ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունն անցկացնի երկու տարին մեկ անգամ: Պետք է վերջ տալ այդ ծրագրերին, որոնք չեն համապատասխանում օլիմպիական արժեքներին:

Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է 2021թ. ՄՕԿ –ի  ֆինանսական հաշվետվությունը: Կազմակերպության եկամուտը կազմել է 4,16 մլրդ դոլար, հասույթը՝ 843 մլն։ 2020թ. եկամուտը կազմել է 623,8 մլն դոլար, ընդհանուր վնասը՝ 55 մլն դոլար։

 

 

Այլ նորություններ