ՀԵՏԵՎԵՆՔ ՄԵՐ << ԿՎԱՐՏԵՏԻ >> ԵԼՈԻՅԹՆԵՐԻՆ

10:27 - 01 Նոյ, 2021

Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հատել է հասարակածը: Օրավուր նվազում է  մասնակիցների քանակը և ռինգում մնում են ուժեղները, նրանք, ովքեր մեդալակիր դառնալու հույս են փայփայում: Նրանց թվում են նաև մեր երկրի չորս ներկայացուցիչներ:

Մրցակիցների նկատմամբ յուրատեսակ խաչակրաց արշավանք է ձեռնարկել Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 63 , 5կգ /:  Նա վստահ հաղթանակներ է  տոնում  և այսօր, 1 / 8 –րդ փուլի երեկոյան մրցահերթում, << քննության >>  կենթարկի իտալացի Ջիանլուիջի Մալանգային:

Երեկոյան մրցումներում հաջողություն ենք  ակնկալում գյումրեցի մեկ այլ վարպետից ՝ Եվրոպայի  ոսկե դափնեկիր Արթուր Հովհաննիսյանից / 51 կգ /: Նրան դժվարին  պայքար է սպասվում  ամերիկացի Հիլլ Ռոսկոյի դեմ մենամարտում: Մինչ այդ, ցերեկային մրցահերթի նույն փուլում, ի դեմս  կուբացի Օվսել Գարսիա Կաբալերոյի, սուր, կարծում ենք նաև  դիտարժան հանդիպում կանցկացնի երևանցի Արթուր Բազեյանը / 57 կգ /:

Պայքարի բովում է նաև գյումրեցի ծանրքաշային / + 92 կգ / Դավիթ Չալոյանը: Նա նոյեմբերի երկուսին կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

Հաղթանակներ ենք ակնկալում ասպարեզում մնացած Հայաստանի քառյակից:

 

 

Այլ նորություններ