ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

14:37 - 18 Հոկ, 2021

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ բարեկամական ամուր կապ է հաստատվել վրաստանցի գործընկերների հետ: Ավանդույթ է  դարձել հարևան երկու երկրների թիմերի փոխայցելությունները: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի սուսերակիրները մրցելույթներ են ունեցել Բաթում, Քոբուլեթի, Թբիլիսի քաղաքներում և այլուր:

Երկու երկրների մարզիկների համար հերթական մրցավայր դարձավ Երևանը: Նորագավիթի մասնագիտացված մարզադպրոցում, Հայաստանի պատանեկան և երիտասարդական բաց առաջնություններում,  իրենց հարաբերությունները որոշեցին շուրջ 140 մարզիկ –մարզուհիներ: Նրանք մրցեցին բոլոր երեք ՝ խոցասուսեր, թրասուսեր և ճկասուսեր զենքաձևերում:

Քանակական առումով ավելի շատ մրցանակների արժանացան Վրաստանի աղջիկները և Հայաստանի տղաները, մասնավորապես ՝ խոցասուսերում:

Մեծ է այս մրցումների նշանակությունը: Դրանց շնորհիվ է հարստանում սուսերակիրների մրցափորձը, հաղթանակի հասնելու ձգտումը, կամային որակները և այն , որ ի հայտ են գալիս նոր անուններ:

ՀՀ վաստակավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը տանտերերից ընդգծեց ճկասուսերակիր Գրիգոր Պապոյանի, խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանի, Անահիտ և Ալիկ Նավասարդյանների, պատանիներ Աշոտ Խալաթյանի, Սերգեյ Մկրտչյանի  և էլի մի քանիսի  անունները, որոնք նպատակային մարզումների պարագայում կդառնան հուսալի վարպետներ:

Այլ նորություններ