Վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2015 թվականը, խոսեց գրանցած արդյունքների մասին և անդրադարձավ 2016 թվականին սպասվելիք միջոցառումներին:
«Ֆեդերացիայի աշխատանքները շատ հագեցած էին 2015 թվականին: Անկախությունից հետո Հայաստանում առաջին անգամ անցկացրիքն լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների արևելյան Եվրոպայի երկրների առաջնություն, որին մասնակցեցին 6 երկրի 100 մարզիկ: Արձագանքները շատ դրական են եղել: Ֆեդերացիան այս տարի աշխատանքներ է կատարել երկու ճյուղով: Առաջինն այն էր, որ մենք անցկացրինք լողափնյա վոլեյբոլի մի շարք մրցաշարեր, իսկ երկրորդը՝ ուսանողական խաղերն էին, որոնք հագեցած էին հանդիպումներով: Այս տարի մենք 100-ից ավելի հանդիպում ենք անցկացրել միայն ուսանողական խաղերի շրջանակներում: Համահայկական խաղերի ընթացքում անցկացվեցին երկու սպորտաձևերի մրցաշարեր՝ դասական վոլեյբոլ և լողափնյա վոլեյբոլ: 2015 թվականի առաջնություններին մասնակցում էին թիմեր, որոնք առաջին անգամն էին մասնակցում, մենք չէինք էլ մտածում, որ Հայաստանի մարզերում կային նմանատիպ թիմեր: Այս տարի մենք վերջնականապես լուծեցինք գույքի հետ կապված խնդիրը՝ թիմերն ապահոված են եղել գնդակներով և այլնով»,-ասաց Ասմարյանը:
Վերջինս խոսեց նաև 2016 թվականին սպավելիք առաջնությունների և կազմակերպվելիք միջոցառումների մասին. «Իսկ ահա 2016 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականները ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Անապայում: Պլանավորվում է նաև, որ 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: 2016 թվականին Սևանում կարող է կրկին անցկացնենք արևելյան Եվրոպայի երկրների մեծահասակների առաջնության փուլերց մեկը: Նպատակ ունենք նաև 2016 դեկտեմբերի Հայաստանում անցկացնել մինչև 15 տարեկանների դասական վոլեյբոլի մրցաշար: Մենք ունենք շատ լավ պատրաստված լողափնյա վոլեյբոլի զույգ, որը դարձավ Համահայկական խաղերի չեմպիոն: Եթե բանակի խնդիր չունենանք, ապա մինչ 2020 թվականը այդ զույգը պետք է օլիմպիական ուղեգիր նվաճի (Աշոտ Բալաբեկյան, Արթուր Սաֆարյան): Աղջիկների հետ կապված՝ մի քիչ թույլ ենք, բայց կան վոլեյբոլիստներ, ովքեր կարող են խաղալ: Վոլեյբոլում հիմնական շեշտը դնում ենք պատանիների վրա»:
ՀԱՕԿ լրատվության բաժին