Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը

17:15 - 17 Մայ, 2016

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը:

Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը խաղատախտակի առջև կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:

Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Խուլերի շախմատի անհատական առաջնության բացման շրջանակում ՀՀ Նախագահին շախմատի տանը ներկայացրել են նաև սուրդո (խուլուհամրերի) թարգմանության ավտոմատացված ծրագիրը:

  

Լուսնկարը՝ President.am 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ