Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաքից այս գիշեր վերադարձան Երեւան: Նրանք մասնակցում էին Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականը «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց վարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում տղաների եւ աղջիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
-Գլխավոր խնդիրը կատարված է: Ինչի համար մեկնել էինք, արվեց: Փորձարկեցինք նաեւ երիտասարդ մարզիկների: Ծանրորդները մեդալներ նվաճելու համար օգտագործեցին բոլոր հնարավորությունները:
-Ավելին անել հնարավոր չէ՞ր:
-Ոչ: Արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր:
-Անդրանիկ Կարապետյանը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցեց մրցման: Ի՞նչ կասեք:
-Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել:
-Մրցավարները հրում վարժությունում Անդրանիկի վերջին մոտեցման 175 կիլոգրամը չհաշվեցին:
-Դա մեր ու Անդրանիկի համար նշանակություն չունեցող հարց է: Կարեւորն այն էր, որպեսզի նա գլխավերեւում զգար այդ ծանրությունները: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջեւ դրված խնդիրները լուծեց:
-Աղջիկների մասնակցության մասի՞ն ինչ կասեք:
-Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը դեռ երիտասարդ են: Նրանց մասնակցությունից դժգոհ չենք: Կարծում եմ, երկուսն էլ մեծահասակների մեջ դեռ անցնելու ճանապարհ ունեն:
-Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում զրո ստացավ՝ չկարողանալով բարձրացնել իր պատվիրած նախնական 87 կիլոգրամը:
-Դա անհաջողություն էր: Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը կողք-կողքի են քայլում: Ֆեդերացիայում քննարկում կլինի: Որոշման մասին կտեղեկացնենք:
-Որպես ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, անշուշտ, հետեւում էիք Թաիլանդում զուգահեռ ընթացող մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:
-Այո, հետեւում եմ: Ցավոք, գործերը լավ չեն դասավորվում: Այսօր վերջին օրն է, ու երկու մասնակից դեռ ունենք: Պատանեկան օլիմպիական խաղերի՝ պլանավորված վարկանիշեր նվաճելու շանսերը նվազեցին, քանի որ ծանրորդներից մեկը զրո ստացավ: Առաջնությունն այսօր ավարտվում է: Կվերադառնան՝ կվերլուծենք: