Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց առաջին տպավորություններով.
- Հայկ, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Երկրորդ անգամ ես հանդես գալիս Հայաստանի առաջնությունում: Ի՞նչ սպասումներով էիր մեկնարկում:
- Շնորհակալություն: Սպասումներս մեծ էին: Լրջորեն մարզվել էի եւ տրամադրված էի միայն հաղթանակի: Մրցաշարերում միշտ ձգտում եմ առաջին տեղը զբաղեցնել: Շուրջ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ մարզիչս՝ Աշոտ Անաստասյանը, որը շատ մեծ դեր է խաղացել իմ՝ որպես շախմատիստ ձեւավորվելու գործում: Եւ հիմա էլ, ամեն պարտիայում հիշում էի նրա խորհուրդները, որոնք ինձ շատ օգնեցին: Առաջնությունում հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս եւ մարզչիս հիշատակին:
- Ինչպիսի՞ն ստացվեց Հայաստանի առաջնությունը քեզ համար:
- Մեկնարկում երեք անընդմեջ ոչ-ոքի ունեցա, բայց պարտիաները բավականին հետաքրքիր ստացվեցին: Ռոբերտ Հովհաննիսյանն այդ ընթացում երեք հաղթանակ էր տարել, այդ պատճառով պետք էր սկսել ավելի ռիսկային խաղ ցուցադրել: Սրեցի խաղի ընթացքը, եւ դա արդյունք տվեց: Ինձ հաջողվեց չորս պարտիայում անընդմեջ հաղթանակ գրանցել եւ հավասարվել Ռոբերտին: Թե ինչ ստացվեց եզրափակչում, ձեզ արդեն հայտնի է:
- Ինչպե՞ս դասավորվեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ որոշիչ պարտիան եզրափակիչ տուրում:
- Շատ հետաքրքիր: Որոշիչ պարտիաներում խաղալու փորձ արդեն ունեցել էի, ինչն ինձ օգնեց: Հաջողվեց խուսափել ավելորդ լարվածությունից եւ գործել ավելի սառնասրտորեն: Սկզբնախաղում փոքր թերացումներ կային, բայց ես վստահ էի, որ դիրքս ամուր է: Ռոբերտը հաղթանակի իրական հնարավորություններ չուներ: Վերջում ինձ հաջողվեց նկատելի առավելության հասնել, բայց քանի որ ոչ-ոքին հավասար էր հաղթանակի, ես ընդունեցի մրցակցի առաջարկը:
- Դու Հայաստանի ամենաերիտասա՞րդ չեմպիոնն ես:
- Որքանով ինձ հայտնի է՝ այո: Հուլիսին 18 տարիս կլրանա: Ինձ ասացին, որ Լեւոն Արոնյանը չեմպիոն դարձել է 20 տարեկանում: Ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է Լեւոնի եւ այլ շախմատիստների հետ լինել հավաքականի կազմում: Կաշխատեմ բոլոր ուժերս եւ գիտելիքներս գործի դնել, որպեսզի հավաքականին օգտակար լինեմ:
- Ի՞նչ մրցաշարերի ես նախատեսում մասնակցել:
- Առաջիկա մրցաշարը «Աէրոֆլոտ օփենն է», որը կանցկացվի Մոսկվայում ֆետրվարի 20-28-ը: Դրան կհաջորդի Եվրոպայի անհատական առաջնությունը (Բաթումի, մարտի 16-29-ը): Եւ իհարկե, կրկին Բաթումում կայանալիք Օլիմպիադան (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7):