Ամառային 33 –րդ օլիմպիական խաղերի մրցումային ասպարեզները կազմ ու պատրաստ դիմավորեցին մասնակիցներին: Մեկնարկային տենդը հաջողությամբ կարողացան հաղթահարել Հայաստանի սպորտային մարմնամարզության պատվիրակները. մարզաձևի մեր առաջատար Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,աշխարհի չեմպիոն, հենացատկորդ Արթուր Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14, 666 միավոր, գրավեց յոթերորդ տեղը և մտավ եզրափակիչ ությակ:
Դարձյալ յոթերորդ արդյունքով վճռական փուլ մտավ նաև Վահագն Դավթյանը, որը օղակների վրա վարժությունում վաստակեց 14, 733 միավոր: Նրանք օգոստոսի 4 –ին վճռական պայքարի կելնեն խաղարկվող մեդալների համար:
Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանի 15 ներկայացուցիչներից առաջինը մրցավեճի ելավ Վարսենիկ Մանուչարյանը։ Նա 100 մ բատերֆլայ լողաոճի իր լողահերթում ցույց տվեց 1:01.24 վրկ. ժամանակ, բարելավեց անձնական ցուցանիշը և ընդհանուր հաշվարկով գրավեց 26-րդ տեղը:
Ենթադրվում էր, որ եզրափակիչում կհայտնվի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Օդամղիչ ատրճանակով, 10 մ հեռավորությունից նա վաստակեց 576 միավոր և գրավեց իններորդ տեղը: Ափսոս, երևանցին ընդամենը մեկ միավորով ետ մնաց ութերորդ տեղը զբաղեցրած մրցակցուհուց:
Այսօր մեր պատվիրակությունը մասնակից չունի, իսկ վաղը՝ հուլիսի 29 –ին, ռինգում իր առաջին մենամարտը կանցկացնի մեր գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Մրցակիցն է անգլիացի Օրիե Դելիկուսը:
Հանդիպումը նշանակված է Երևանի ժամանակով 23։50-ին։