ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

12:27 - 14 Հոկ, 2022

Վաղը լուսադեմին Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաք կմեկնի Հայաստանի հունահռոմեական  ըմբշամարտի ՝ մինչև 23 տարեկանների հավաքականը: Հոկտեմբերի 17 –ին այնտեղ կմեկնարկի աշխարհի առաջնությունը:

Մեր երկիրը մրցավայր է գործուղում հետևյալ մարզիկներին. Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սահակ Հովհաննիսյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ) և Հայկ Խլոյան (97 կգ)։

Տղաների ընդհանուր պատրաստականության և մրցաշարի  մասին զրուցեցինք գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ:

- Հավանաբար նկատեցիք, որ մասնակից չունենք 55 կգ և 130 կգ քաշային կարգերում: Դա, ինչպես ասում են, լավ օրից չէ: Ցանկալի պատրաստականությամբ տղաներ չունենք: Հուսանք, որ այդ խնդիրը  առաջիկայում  դրական լուծում  կստանա: Այս  հարցը մտահոգում է նաև տեղերում աշխատող իմ գործընկերներին, - ասաց Բաբալարյանը և շարունակեց,  - ինչ վերաբերում է իսպանական ստուգատեսին, ասեմ, որ մեր ըմբիշները լավ մարզավիճակում են: Ասածը նկատելի է նաև հենց նրանց բարոյահոգեբանական վիճակից, պահվածքից, տրամադրությունից:

Իհարկե շատ ենք  ուզում , որ մեր ըմբիշները հաղթեն, դառնան մեդալակիր ու լավ տրամադրությամբ վերադառնան հայրենիք: Այնուամենայնիվ չթաքցնեմ, որ առավելապես ուշադիր պետք է լինել մրցողների հատկապես տակտիկական որակների նկատմամբ: Չէ որ որոշ  մասնակիցներ  մարզաձևի վաղվա համաշխարհային աստղերն են: Շատերն անկասկած կհամալրեն իրենց երկրների ազգային հավաքականները և կմասնակցեն Փարիզի օլիմպիական խաղերին:

Տեխնիկատակտիկական հատկանիշներն են վճռական դեր խաղում մրցման ժամանակ: Հաջողության է հասնում հատկապես այն վարպետը, ով հենց գոտեմարտի առաջին րոպեներից է կռահում մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, նախասիրությունները և դրանց համապատասխան հակաթույն գտնում:

Ամեն բան առջևում է ու տեսնենք, թե մեզ ինչ կտա համաշխարհային երիտասարդական առաջիկա  քննությունը:

Այլ նորություններ