ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱՐԺԵՔԸ

11:17 - 08 Փետ, 2024

Հոգսաշատ են  Հայաստանի հենակետային մարզաձևերի ազգային հավաքականների մարզիչները: Նրանք ցանկանում են, որ իրենց սաները հաջողության հասնեն միջազգային վարկանիշային  ստուգատեսներում, որպեսզի մեր երկրից հնարավորինս  բարձրակարգ  շատ մարզիկներ  մասնակցեն  Փարիզում  հուլիսի 26 –ին սկսվելիք օլիմպիական խաղերին:

Բարդ ու դժվարին  խնդիրներ են ուզում լուծել  նաև աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ,  գիտությունների թեկնածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը ու նրա գործընկերները:

Աթլետները լավ գիտեն, որ նախորդ ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի  համեմատ, գրեթե բոլոր մրցաձևերում,  նորմատիվները բարձրացել են: Օրինակ եռացատկում, որտեղ հույս ենք կապում  նաև կապանցի Լևոն Աղասյանի հետ, Ռիոյի օլիմպիական խաղերի  համար անհրաժեշտ է եղել ցատկել  առնվազն 16, 85 սմ., Տոկիոյի՝ 17, 14 սմ., Փարիզի համար՝ 17. 22սմ.: Իսկ արտոնագրի կարժանանան աշխարհի լավագույն 32 եռացատկորդները: Ավելորդ չէ նշել, որ Լևոնի լավագույն արդյունքը եղել է  Տոկիոյի ստուգատեսից առաջ ՝ 17,16 սմ.:

Իհարկե, հուսալի աթլետներ են գյումրեցի շնորհալի վազորդ Երվանդ Մկրտչյանը, կապանցի հեռացատկորդներ  Յանա Սարգսյանը, Գոռ Բեգլարյանը, արտաշատցիներ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, վանաձորցի  Էլլադա Ալավերդյանը և երևանցի  Գայանե Չիլոյանը:

Նշած ությակը, Գրիգոր Բարսեղյանի և կապանցի վաստակավոր մարզիչ  Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ,  այսօր երեկոյան կմեկնի Ստամբուլ: Այնտեղ մերոնք կմասնակցեն  փետրվարի 10 –ին  սկսվող Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնությանը: Այն օլիմպիական  վարկանիշային է,  և հաջողակները համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում,  իրավունք կստանան մասնակցել նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1 – 3 –ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Փարիզի ամառային 33 –րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 168 օր:

 

 

Այլ նորություններ