Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի (World Athletics) ղեկավար, բրիտանացի Սեբաստիան Կոուն վերընտրվել է իր պաշտոնում ՝ նախագահական չորս տարվա ժամկետով: Հունգարիայում կայացած համաժողովում նա նախագահի միակ թեկնածուն է եղել:
Բրիտանացի 66 –ամյա Կոուն Մոսկվայի /1980թ. / և Լոս Անջելեսի / 1984թ./ խաղերի օլիմպիական չեմպիոն է՝ 1500 մ վազքատարածությունում և կրկնակի արծաթե մեդալակիր ՝ 800 մ վազքում: Նա նաև Եվրոպայի չեմպիոն է /1986թ./:
Կոուն քաղաքական և սպորտային գործիչ է, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, Անգլիայի խորհրդարանի անդամ էր ՝ 1992-1997 թթ. :
Ասոցիացիայի փոխնախագահներ են դարձել Սիմենա Ռեստրեպոն / Կոլումբիա /, Ռաուլ Չապադոն / Իսպանիա /, Ադիլ Սումարիվալլան / Հնդկաստան / և Ջեքսոն Թուուեյը / Քենիա /։
Կազմակերպությունում 22 տարի աշխատելուց հետո ուկրաինացի Սերգեյ Բուբկան հրաժարական է տվել փոխնախագահի պաշտոնից։
Հեռակապով ճեպազրույց ունեցանք մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հեռացատկում Եվրոպայի անփոփոխ ռեկորդակիր, գյումրեցի Ռոբերտ Էմմիյանի հետ: Նա նույնպես քվեարկել է իր վաղեմի բարեկամ Սեբաստիան Կոուի օգտին: Կոուն, ինչպես նաև Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, բուլղարացի Դոբրոմիր Կարամարինովը ցանկություն են հայտնել ներկա լինել Արտաշատի վերակառուցված աթլետիկական մարզադաշտի բացման արարողությանը: Ի դեպ, Հունգարիայում, աթլետիկայի աշխարհի առաջնության ծրագրով օգոստոսի 19 - ին 1500մ. վազքում հանդես կգա մեր երկրի ներկայացուցիչ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը: