ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

16:57 - 24 Մայ, 2021

Այսօր լրացավ բռնցքամարտից  ԽՍՀՄ  սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ,  միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ  Լևոն  Գուրգենի Հովհաննիսյանի ծննդյան 80 –ամյակը:

Ծնվել է Երևանում, եղել է անցյալի նշանավոր  բռնցքամարտիկ:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո համալրել է մարզիչների շարքը , պատրաստել է բազմաթիվ վարպետներ: Նրանցից մեկն է  ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,  աշխարհի գավաթակիր, Եվրոպայի առաջնության  մեդալակիր , գերծանրքաշային Խորեն Ինջեյանը:

ՀԱՄԽ –ի   << Աշխատանք  >>  ԿՄԸ   հանրապետական  խորհրդի  բռնցքամարտի մասնագիտացված մարզադպրոցի  հիմնադիր  տնօրենն է եղել:  Նրա ղեկավարման օրոք մարզօջախում աճել են միջազգային ճանաչման արժանացած բազմաթիվ մարզիկներ: Նրանցից մեկն է աշխահի չեմպիոն  և գավաթակիր  Նշան Մունչյանը:

Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ  սպորտի պետական և հասարարական  գլխավոր կառույցներում:

Այժմ իր  հարուստ փորձն ու գիտելիքներն է հաղորդում Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սովորողներին:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում  ներդրած ծառայությունների  համար, ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Լևոն Հովհաննիսյանին պարգևատրել է  Հայաստանի բոլոր ժամանակների կաշվե ձեռնոցի լավագույն վարպետ , օլիմպիական խաղերի մեր երկրի միակ չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան մեդալով:

ՀԱՕԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով  պատվավոր պարգևը  հոբելյարին հանձնեց  ՀԱՕԿ –ի փոխնախագահ , ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը:

 

Այլ նորություններ