Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Օվասապյանը (130 կգ) լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր ելույթը:
«Լավ էի պատրաստվել այս առաջնությանը, մեկնել էի հաղթանակով վերադառնալու համար, բայց ինչ-որ բան չբավականացրեց: Պետք է էլ ավելի կատարելագործվել»,- ասաց ըմբիշը:
Խոսելով կիսաեզրափակչում իր մրցակից, վրացի Զվիադի Պատարիձեի մասին՝ Դավիթ Օվասապյանը նշեց հետևյալը. «Նա շատ ուժեղ և տիտղոսակիր ըմբիշ է, նրա հետ գոտեմարտին լավ էի տրամադրվել, բայց ինչ-որ բան չհերիքեց: Հաջորդ անգամ ավելի շատ կմարզվեմ, որպեսզի բարելավեմ արդյունքս»։
Հիշեցնենք, որ Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել էր վրացի Զվիադի Պատարիձեին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել էր ղազախ Մանսուր Շադուկաևին (5:5):
Հայաստանի թիմը Մ-23 ԱԱ-ում հանդես էր եկել 9 ըմբիշով և ելույթն ավարտել էր 1 ոսկե ու մեկ բրոնզե մեդալով: Դավիթ Օվասապյանից բացի, մեդալակիր էր դարձել Արմեն Մելիքյանը (60 կգ), որը նվաճել էր չեմպիոնի կոչումը: