ՄՕԿ –Ի ԳՈՐԾԿՈՄԻ ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏՈՒՄ

10:51 - 16 Հուլ, 2020

Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում եղել են  բազմաթիվ հարցեր, որոնց քննարկման արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ։

Դաքարում  նախատեսված  2022թ․ պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026թ․:Առաջարկն  արել է Սենեգալի նախագահ Մակի Սալլեմը։

ՄՕԿ –ը, օլիմպիական շարժմանն աջակցող ծրագրի համաձայն,   800 միլիոն դոլար է հատկացրել  համաճարակի հետևանքները վերացնելու համար։ Արդեն բաժանվել է 100 միլիոն դոլար։ 43 միլիոնը փոխանցվել է միջազգային ֆեդերացիաներին, իսկ մնացածը՝ ազգային օլիմպիական կոմիտեներին։

Նախագահ Թոմաս Բախը  վստահություն  է հայտնել, որ  օլիմպիական ամառային խաղերը եկող տարի անպայման տեղի կունենան և պատանեկան ստուգատեսը   չի առնչվում   Տոկիոյի մարզահանդեսի անցկացման հետ։ Դաքարի  որոշման հիմնական պատճառն այն է,  որ գործնականում անհնար կլինի երեք տարվա ընթացքում հինգ միջոցառում կազմակերպել:

ՄՕԿ –ը  նախատեսում է սեպտեմբերին ավարտել << Տոկիո – 2020 >> -ի նախապատրաստական ծրագիրը։ Այդ հարցը կքննարկվի կազմկոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ։ Հատկապես կարևորվում են   վարակի տարածումը կանխելու միջոցառումները, մարզադաշտերում հանդիսատեսների ներկայությունը,  մարզիկների անվտանգությունը  և այլն։

Ավարտվել է  Տոկիոյի օլիմպիական խաղերի  որակավորման  մրցումների գործընթացը ՝  յուրաքանչյուր մարզաձևի համար: ՄՕԿ-ը սերտորեն համագործակցել է բոլոր միջազգային ֆեդերացիաների, խորհրդակցել  մարզիկների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ:

Որակավորման վերջնաժամկետը 2021թ․ հունիսի 29-ն է։

Հաշվի առնելով ներկա  իրավիճակը,  վարկանիշային մրցումների  ժամկետներն ու վայրերը դեռ որոշված չեն: Ամսաթվերը  սահմանված կարգով պետք է հաստատեն միջազգային մարզական ֆեդերացիաները։ Այդ հարցերով զբաղվում է  ՄՕԿ –ի համապատասխան աշխատանքային խումբը։

Ողջունելի է հոկեյի ազգային լիգայի  / NHL /  այն  որոշումը, որով իր խաղացողներին թույլատրել է  մասնակցել ձմեռային հաջորդ՝ 2022թ․ և 2026թ․կայանալիք  օլիմպիական խաղերին։

Նիստի օրակարգում նաև լսվել է   ՄՕԿ-ի 136-րդ նստաշրջանի անցկացման հարցը: Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ  ղեկավար կազմը հեռակա կարգով կքննարկի ընթացիկ խնդիրները: Համաժողովը կանցկացվի հուլիսի 17-ին ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: 

 

 

 

 

Այլ նորություններ