Կորոնավիրուսի հետևանքով շուրջ երեք ամիս չի գործում Դավիթ Համաբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանը, որը հանդիսանում է Հայաստանի ջրացատկի հիմնական դարբնոցը։ Այդ վիճակը չի հուսալքում հավաքականի անդամներին։ Գլխավոր մարզիչ, բազմափորձ Հրաչյա Չանդիրյանը սաներին ուղեկցում է բնության գողտրիկ անկյուններ և դրանցում անցկացնում է ․ ․ ․ ցամաքային պարապմունքներ։
Պահպանելով պարետի սահմանած կանոնները, մասնագետը ակրոբատիկական տարատեսակ վարժություններ է հրամցնում։ Մարզիկները ջրացատկը նմանակող տարրեր, ցատկեր ու տարատեսակ կապակցություններ են կատարում։
Միօրինակությունը խախտելու, սաների տրամադրությունը տեղը պահելու նպատակով, մարզիչը նաև հետաքրքիր շարժախաղեր է անցկացնում։
Այդպես՝ երկարատև օրեր ու շաբաթներ։ Հույս կա, որ առաջիկա օրերին կրկին շարք կմտնի նշած լողավազանը և ջրին կարոտած մարզիկները 10 մետր բարձրությամբ աշտարակից, օդում ճախրելով կկատարեն բարդագույն ցատկեր ու հստակ ջրամուտ կանեն։ Հիրավի, հաջողության հասնելու հիմնական գրավականը նեղ մասնագիտական պայմաններում մարզվելն է, ջրացատկի դեպքում ` անմիջականորեն աշտարակի բարձրությունը և ջուրը զգալու երանելի պարագաներն են։
Առայժմ չկա մրցումային ծրագիր և հավաքականը չգիտի, թե երբ և որտեղ են կայանալու օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։ Նույնիսկ հստակ չէ, թե 2021 –ին Տոկիոյում կանցկացվեն նախապես նշանակված վարկանիշային մրցաշարը և օլիմպիական խաղերը։
Ամեն բանից անկախ, Հ.Չանդիրյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները սիրով փոխանցում է ջրացատկորդներին։ Նա շատ է ուզում , որ աշակերտները դառնան բարձրակարգ վարպետներ ու կարողանան վստահորեն փոխարինել իրենց ուսուցիչներին։