«Հետաքրքիր գոտեմարտեր եղան, պայքար կա: Բայց ընդհանուր առմամբ թերությունները շատ-շատ են: Առաջին հերթին մասնակիցների քիչ քանակից եմ դժգոհ: Տասը քաշային կարգում՝ ընդամենը 83 մասնակից: Քաշեր կան, որտեղ հանդես էր գալիս ընդամենը երեք, հինգ, յոթ ըմբիշ: Սրանք լուրջ խնդիրներ են: Բայց ունենք այն, ինչ ունենք: Միշտ էլ այս խնդիրները եղել են, սակայն փորձել ենք եղածով որակ ապահովել: Եվ ստացվել է: Դա ես չեմ ասում: Ասում է աշխարհը, ասում են մեդալները, որոնք տարիների ընթացքում շատանում են ու որակապես ավելի մաքուր դառնում: Հիմա էլ շարունակելու ենք նույն կերպ» - Հայաստանի առաջնության ավարտին ՀԱՕԿ լրատվականին ասաց հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Տեղեկացնենք, որ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, մինչեւ յոթ մասնակից ունեցող քաշային կարգերում հաղթողները որոշվեցին շրջանաձեւ մրցակարգով:
Մասնագետին չի գոհացնում տեղերում մարզիչների աշխատանքը, որոնք թերանում են: Հակառակ դեպքում Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը գնալով չէր նվազի, եւ ինքն էլ, որպես գլխավոր մարզիչ, հավաքականի թեկնածուների ցանկն ավելի որակյալ ըմբիշներով համալրելու հնարավորություն կունենար.
«Հավաքական թիմ պետք է ընդգրկվի առնվազն 50-60 տոկոսանոց ըմբիշ, որին ես պետք է հասցնեմ հարյուր տոկոսի: Իսկ երբ չորրորդ կարգի ըմբիշ է գալիս, նրան բարձրակարգ մարզիկ դարձնելը շատ բարդ է», - ասաց մասնագետը:
Ազգային հավաքականը փետրվարի 8-ից 22-ը Ծաղկաձորում առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնելու, որից հետո Կիեւում մասնակցելու է միջազգային մրցաշարի: Հաջորդ հավաքները լինելու են Երեւանում, Բելառուսում եւ կրկին Երեւանում: Այնուհետեւ Եվրոպայի առաջնությունն է (ապրիլի 30-ից մայիսի 1, Կասպիյսկ, ՌԴ): Մայրցամաքի առաջնությունից հետո մի փոքր դադար կհայտարարվի, որին կհաջորդեն նոր հավաքներ ու միջազգային մրցաշարեր՝ նպատակաուղղված հոկտեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստությանը: