Ըմբշամարտի միացյալ աշխարհը (UWW) Փարիզի օլիմպիական խաղերից առաջ հրապարակել է համաշխարհային վարկանիշային միավորների նոր աղյուսակը:
Ազատ ոճայինների ցանկը կազմելիս հաշվի է առնվել նաև Բուդապեշտում օրերս կայացած միջազգային մրցաշարի արդյունքները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որքան բարձր է ըմբիշի դիրքը դասակարգման աղյուսակում , նա այնքան ավելի բարենպաստ մրցակցային վիճակ կունենա :
Ազատ ըմբշամարտի ցանկում մեր Արսեն Հարությունյանը / 57 կգ / 41 000 միավորով երրորդն է, Վազգեն Թևանյանը / 65 կգ / և Արման Անդրեասյանը / 70 կգ / ունեն համապատասխանաբար 52 500 և 54 000 միավոր ու գլխավորում են իրենց քաշային կարգերի առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանի քաշային կարգը օլիմպիական չէ:
Հունահռոմեական ըմբշամարտում մեր Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / 52 000 միավորով աղյուսակում առաջինն է: Նրա թիմակիցներ Սլավիկ Գալստյանը / 67 կգ ՝ 35 000 միավոր / և Մալխաս Ամոյանը / 77 կգ՝ 46 000 միավոր / չորրորդն են իրենց քաշային կարգերում: Առաջին տասնյակում են նաև Գևորգ Ղարիբյանը / 60 կգ ՝ 34 400 միավոր/ և Հրաչյա Պողոսյանը / 63 կգ ՝ 33 100 միավոր/ և զբաղեցնում են համապատասխանաբար հինգերորդ ու վեցերորդ աստիճանները: Նշենք, որ Գևորգին, ավաղ, չի հաջողվել նվաճել օլիմպիական ուղեգիր, իսկ Հրաչյայի քաշային կարգը օլիմպիական չէ: