Վաղը ՝ մայիսի 9 –ին, մեր ժողովուրդը կնշի ֆաշիզմի դեմ հաղթանակի 75 և Շուշիի ազատագրման 28 –րդ տարեդարձը : Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը :
Չնայած պատերազմական վիճակներին Հայաստանում ֆիզկուլտուրային աշխատանքները չեն դադարել :
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում , 1943 թ. հոկտեմբերի 9 –ին , Հայաստանի ժողկոմխորհը / կառավարությունը / որոշում է ընդունել միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ , ստեղծել 10 նոր մարզադպրոցներ և այլն : Նույն թվականի հուլիսին որոշվել է և 1945 –ին սկսել է գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը :
Պատերազմի հինգ տարիների ընթացքում մեր երկրում պատրաստվել է 11. 645 դահուկորդ , 15. 528 լողորդ , 25. 843 մենապայքարային մարզիկ , 42 հազար նռնականետորդ և այլն : Հայաստանում ֆիզկուլտուրային կոլեկտիվների թիվը հասել է 777 –ի , իսկ մարզիկների քանակը ` 33 հազար 451 –ի :
Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները : Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի ` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը : Բայց երևի քչերը գիտեն , որ << նժույգի արքան >> Խորհրդային բանակի կազմում, հյուսիսկովկասյան ռազմաճակատում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ և 1943 –ին ազդրից ծանր վիրավորվել է :
Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով է վերադարձել մարզադահլիճ : Կամքով արի մարտիկն ու մարզիկն իր մեջ ուժ է գտել վերականգնելու հաշմված ոտքը և դեռ ավելին ` Հելսինկիում 1952 թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճել է երկուական ոսկե և արծաթե մեդալ :
Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաև արցախյան հերոսամարտում : Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ և ուսանողներ հերոսաբար են ընկել մարտադաշտում : Նրանք խաղային , մենապայքարային , ջրային , կիրառական մարզաձևերի ներկայացուցիչներ են և նրանց հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար – հուշարձանը :
Հարգանք և խոնարհում պատերազմներում ընկած հայոց մարզաշխարհի մարդկանց հիշատակին :
ՀԱՕԿ –ը մարզաշխարհի մարդկանց անունից շնորհավորում է պատերազմներից հաղթանակով վերադարձած մեր քաջարի զավակներին , մաղթում քաջառողջություն և երկարակեցություն :