ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

11:17 - 12 Դեկ, 2022

Երկու օր առաջ, դեկտեմբերի 10-ին նշվեց  Ֆուտբոլի համաշխարհային օրը: Ամսաթիվը հաստատվել է ՄԱԿ- ում: 

Ֆուտբոլի հետ կապված պատմական փաստերը դեռևս հակասական են: Մարզաձևի ծագման վերաբերյալ ամենավաղ հիշատակումը հայտնաբերվել է չինական աղբյուրներում:

Ֆուտբոլը  երկար պատմություն ունի: Գնդակով խաղի մասին առաջին նշումը վերաբերում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակին: Այն չինացի ռազմիկներին օգնել է  պահպանել  ֆիզիկական մարզավիճակը: Ոչ ոք չի կարող նշել խաղի ճշգրիտ ամսաթիվը: Հստակ հայտնի է միայն, որ առաջին անգամ դարպասի ցանցը օգտագործվել է 1891թ. մարտին կայացած Հարավային և Հյուսիսային Անգլիայի հավաքականների հանդիպման ժամանակ։ 

Ֆուտբոլը  միավորում է տարբեր ժողովուրդների ազգային կերպարները, ունի իր ոճը և ազդում է աշխարհի միլիոնավոր մարդկանց  զգացմունքների վրա։ Այդ մարզաձևը  մարդկանց մեծամասնության համար դարձել է ոչ միայն խաղ, այլև՝ ապրելակերպ: 

Վերջին  վիճակագրական տվյալների համաձայն, ֆուտբոլային ինդուստրիան, մոլորակի վրա ունի  ավելի քան մեկուկես միլիոն թիմ և 300,000 պրոֆեսիոնալ ակումբ։ 

Ստանալով համընդհանուր ճանաչում՝ ֆուտբոլը սկսեց արագ զարգանալ և արդեն 1904թ.  ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։ Ներկայում այն ներառում է 211 ֆուտբոլային կազմակերպություն, այդ թվում՝ Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիան:   

Ֆուտբոլի հանրաճանաչությունը երևույթ է երկար տասնամյակների ընթացքում: Չկան մարդիկ, ովքեր անտարբեր են այս խաղի նկատմամբ, նրանք կա՛մ ֆուտբոլով են ապրում, կա՛մ անկեղծորեն չեն հասկանում, թե ինչ են գտնում այս մարզաձևում։ 

Վիճակագրության համաձայն, ամբողջ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ ֆուտբոլ է խաղում: Այս ցուցանիշը միայն այս սպորտաձևի պրոֆեսիոնալ կողմի արտացոլումն է։ Եվ եթե ավելացնեք երկրպագուներին՝ բակի մանկական թիմերից մինչև կորպորատիվ տղամարդկանց թիմեր, ապա հավատարիմ ֆուտբոլասերների թիվը դժվար կլինի հաշվարկել: Բացի խաղացողներից, կան երկրպագուներ, մարզիչներ, սպորտային բժիշկներ, գործարարներ՝ նրանք, ովքեր ներդրումներ են կատարում այս խաղում և գումար են վաստակում դրա վրա։ 

Հետաքրքիր փաստեր. 1863թ.  ընդունվել են  խաղի առաջին կանոնները, 1930թ. Ուրուգվայում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, օլիմպիական խաղերի  ծրագրում ընդգրկվել է  1900թ.:

Ժամանակակից ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։

Մինչ առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։

ՀԽՍՀ - ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներին։ Ակումբներ են  գործել Ալեքսանդրապոլում / Լենինական, Գյումրի / Էջմիածնում, Երևանում:   

1920թ.  Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը՝  Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։

Միջազգային առաջին խաղը կայացել է  1930թ.՝ Երևանի և Գերմանիայի  բանվորական միության թիմերի միջև։ 

<< Արարատը >>  1973թ. նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը, նույն թվականին  և 1975 –ին ՝  ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից  անցկացվում են ազգային առաջնություններ:  

 

 

Այլ նորություններ