ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ

11:37 - 19 Հուլ, 2022

ՀՐԱՆՏ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՇԱՀԻՆՅԱՆ. Ծնվել է  1923 թ. հուլիսի 30 –ին, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում : Վախճանվել է  1996 թ. մայիսի 29 –ին  ` Երևանում :

Հ . Շահինյանը սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ յոթակի չեմպիոն է, ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն, Բուդապեշտում անցկացված / 1949 թ. /  ուսանողության և երիտասարդության համաշխարհային փառատոնի բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի / 1952 թ . /  կրկնակի չեմպիոն  և կրկնակի փոխչեմպիոն է:

 Մարմնարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Շահինյանի  ստեղծած վարժություններից մեկը կրում է  << Շահինյանի պտուտան >> անվանումը: Մեծանուն մարզիկը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ու  սպորտի վաստակավոր գործիչ: Նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ –ում առաջինը հիմնադրվել է  օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոց: Եղել է Հայսպորտպետկոմի նախագահ և փոխնախագահ :

 

Հ . Շահինյանի անունով է կոչվում  իր հիմնադրած մարզադպրոցը, դրան հարակից փողոցներից մեկը, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը,  ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական  ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը: Հանճարեղ մարմնամարզիկի կիսանդրիները և բարձրադիր հուշարձանը  տեղադրված են իր անվան  մարզադպրոցում  և ֆիզկուլտուրային  մայր բուհում :

Հիշարժան է 2014թ. հոկտեմբերի 9 –ը: Հայրենական սպորտի նահապետի հիմնադրած մարզադպրոցի ընդարձակ  բակում  տեղի ունեցավ   ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի   հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը:

 

Սարգիս Սարդարյանի  հեղինակած բազալտե  վեհաշուք  քանդակն  ունի հինգ մետր բարձրություն և  կշռում է 31 տոննա: Այն իր անձնական միջոցներով է կառուցել  Գագիկ Ծառուկյանը : 

Եվ ահա հուշիկ քայլերով   սպիտակ սավանով պատված  արձանին են մոտեցել ՄՕԿ –ի նախագահ  Թոմաս Բախը , ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը  և մեծն Հրանտ Շահինյանի այրին  `  տիկին Էմմա Շահինյանը :

 

Միանգամից տարածքը թնդացել է բուռն ծափերից : Սա կարծես  միաժամանակ խորհրդանշել է  Հրանտ Շահինյանի  հելսինկյան օլիմպիական խաղերում տոնած  կրկնակի հաղթանակը և  անմար հիշատակը :

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը  իր խոսքում  խոնարհում ու հարգանք է մատուցել  մեր առաջնեկ չեմպիոնին : Անկեղծորեն բարձր գնահատել ՀԱՕԿ –ի նախագահ Գ. Ծառուկյանի  նախաձեռնությունը,  որը յուրատեսակ  ապացույցն է նրա մարդկային բարձր արժանիքների, գնահատումը `   կյանքին հրաժեշտ տված  մեծությունների և անհատականությունների : 

 

Ամուսնու ` Հրանտ Շահինյանի մասին  պատմել է  և  Գագիկ Ծառուկյանին  շնորհակալական  խոսք ուղղել տիկին Էմմա Շահինյանը :

Հրանտ Շահինյան  մարդու և մարզիկի  նկատմամբ  չափազանց հարգալից է եղել ՀԱՕԿ –ի նախագահ   Գագիկ Ծառուկյանի  խոսքը : Նա հատկապես կարևորել է  այն, որ   հուշարձանի բացմանը ներկա են եղել միջազգային սպորտի  երկու ղեկավարները ` ՄՕԿ –ի  նախագահ Թոմաս Բախը և ԵՕԿ –ի նախագահ Պատրիկ Հիկեն :

Օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնը պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և  << Պատվո նշան >> շքանշաններով, արժանացել է ՄՕԿ – ի  << Արդարացի խաղի ասպետ  >>  բարձր կոչմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության   << Խաչատուր Աբովյան  >>  մեդալի: ՀԱՕԿ –ի բարձրագույն պարգևներից մեկը  կրում է Հրանտ Շահինյանի անունը :

Հայկական սպորտի օլիմպիական հաղթարշավի հիմքը դրվել է 1952 թվականին` Հելսինկիի ամառային 15-րդ օլիմպիական խաղերում: ԽՍՀՄ հավաքականի կազմում Հայաստանը ներկայացրած մարմնամարզիկ Հրանտ Շահինյանին էր վիճակված դառնալ խաղերի ոսկե դափնեկիր և հաջողության հիմնաքարը դնող սպորտի դեսպանը:

 

Ապշեցրել է  Հ . Շահինյանի  հաղթանակը: Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձել էր վիրավոր ոտքով` հենակով: Աննկուն մարզիկն  իր մեջ ուժ է գտել դեն նետել հենակը, դրսևորել կամք ու համառություն, բուժել ոտքն ու փայլուն մրցելույթներով իր համար տեղ ապահովել ԽՍՀՄ մարմնամարզության հավաքականում, մեկնել խաղերի ու մեդալների առատ հունձք կատարել`  նվաճելով երկուական ոսկե և արծաթե մեդալ: Նա անգերազանցելի  էր  օղակների վրա և երկրորդն էր նժույգթափում : Մեկական ոսկե և արծաթե  մեդալ էլ նա  իր հաշվին գրանցել է  հաջորդաբար թիմային պայքարում և բազմամարտում :

 

Ճիշտ է,  նա ֆիզիկապես մեզ հետ չէ , բայց   շահինյանական դպրոցով  անցած  հազարավոր տղաներից  ու աղջիկներից շատերը շարունակում են նրա գործը և վառ պահում  մեծն Շահինյանի անունն ու հիշատակը :

 

 

 

 

Այլ նորություններ