Հայաստանի մարզասերներին արդեն հայտնի է, որ Սլովակիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշայինների պայքարում, հինգ անընդմեջ հաղթանակ տարավ երևանցի Մալխաս Ամոյանը և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Նրա մասնակցությամբ բոլոր գոտեմարտերն ուշագրավ էին: Նշենք ուզբեկստանցի Մահմուդ Բախշիլոևի հետ կայացած վճռական հանդիպումը: Դրա վերջակետը դրվեց հենց առաջին մրցակեսում, քանզի բացահայտ էր 19-ամյա մեր պատվիրակի առավելությունը:
Մեր ըմբիշը տարատեսակ հնարքներ կիրառելով հատեց ութ միավորի սահմանը և մրցավարի սուլիչը ազդարարեց Մալխասի հաղթանակը: Շատ հնարքներ, ըստ էության, նա սովորել է հորեղբորից` աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանից
Վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի սանը չափազանց համեստ, ավագներին հարգող,ընկերասեր, բարի երիտասարդ է: Մասնագետներն ասում են, որ նրա հաջողությունները շարունակական կլինեն, որովհետև հարուստ է նորընծա չեմպիոնի տեխնիկական հնարքների զինանոցը:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, երկու արծաթե մեդալ:
ՀԱՕԿ լրատվական բաժին