ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ. ԸՄԲԻՇ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ

15:01 - 13 Մայ, 2021

Տոկիոյի խաղեր մեկնող Հայաստանի մարզիկների շարքում  իր տեղն ունի նաև Վազգեն Թևանյանը: Նա Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ է, 21 տարեկան է, ֆիզկուլտուրային մայր բուհի ավարտական կուրսի ուսանող և ազատ ոճի ըմբիշ է:

Ներկայացնենք  մարզական կենսագրությունը. Եվրոպայի պատանիների չեմպիոն / Սերբիա, 2015թ. 54 կգ քաշային կարգ /, Եվրոպայի պատանիների փոխչեմպիոն / 2016թ. Ստոկհոլմ, 58 կգ / , Եվրոպայի երիտասարդների չեմպիոն / 2018թ. Հռոմ, 61 կգ / , աշխարհի երիտասարդների բրոնզե մրցանակակիր / 2018թ. Սլովակիա, 61 կգ / և Հայաստանի չեմպիոն / 2018թ. դեկտեմբեր, 65 կգ /,  Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 2019թ. Նովի Սադ , 65 կգ / , աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոն / 2020թ. Բելգրադ, 65 կգ / , օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող / 2021թ. Բուդապեշտ, 65 կգ /:

Մրցումային պատկերը վկայում է, որ  Վազգենը տարիքին համահունչ՝  նոր քաշային կարգերում է հանդես եկել և հասակի հետ  մեծացրել, ծանրացրել է  նաև հաղթանակների կշիռը:

Շնորհալի ըմբիշը մրցումների մեկնելիս չի սիրում ամպագոռգոռ խոստումներ տալ: Փաստերը վկայում են , որ նա  հաջողություններով է իրականացնում ցանկությունները:

Մեծահասակների պաշտոնական մրցաշարերում Վազգենի նորամուտը եղավ նախորդ դեկտեմբերին՝  Բելգրադում տեղի ունեցած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։  Հայաստանի հավաքականի համար հաղթական վերջաբանը   դրեց  Վազգեն Թևանյանը: Նա միակը մեր  պատվիրակներից  դարձավ  ոսկե մեդալակիր:

Եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացրած  Իսմայիլ Մուսուկաևի հետ։ Հոգեբանական առումով գոտեմարտն ընթացավ արտասովոր լարված պայքարում։ Առաջին կեսն ավարտվեց մեր ըմբիշի նվազագույն առավելությամբ ՝ 1 : 0: Երկրորդ կեսում հաշիվը հավասարվեց և լարվածությունն  ավելացավ։ Ըմբիշները միմյանց բախվում, հնարքներ էին փորձում ու արդյունքում բացահայտվում էին նրանց ճարպկության և  ճկունության բարձր որակները։ Այդ միջոցին մրցակցի մոտ  նշմարվեցին հոգնածության նշույլներ։ Բայց նա ջանում էր պահպանել ընթացքը մինչև վերջ ու դառնալ գավաթակիր։

Ժամանակը լուսատախտակի վրա արդեն  սկսեց հաշվվել վայրկյաններով։ Հեռուստաէկրաններին գամված, շունչներս պահած սպասում էինք Վազգենի << պայթյունին >>։ Եվ հայ ըմբիշի բռնկումը տեղի ունեցավ։ Նա ակնթարթների ընթացքում գլորումների կասկադով  << ճմրթեց >> հունգարացուն, շահեց ևս ութ միավոր և ինչպես նախորդ չորս հանդիպումներում, այս անգամ  նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տոնեց ՝ 9 ։ 1։

Վազգենը զարմացրեց անկոտրում կամքով ու անսպառ եռանդով։ Կարելի է երևակայել, թե գոտեմարտի վերջնամասում, երբ գրեթե ուժասպառվել էին մրցողները, հայորդին  ինչպես ակնթարթորեն նոր լիցք ստացավ, տեխնիկական հնարքներ ձեռնարկեց՝ թարմ շունչ հաղորդելով պայքարին։

Հաջորդը պարգևատրության արարողությունն էր, երբ հայ չեմպիոնի ու գավաթակրի պատվին մարզապալատում սփռվեցին հայոց օրհներգի հնչյունները,որոնց ուղեկցությամբ փողփողալով վեր խոյացավ մեր եռագույնը։

Հաջողությունը ոգևորեց նաև մարզասերներին: Նրանք նոր հաղթանակ ՝   օլիմպիական ուղեգիր էին ակնկալում երիտասարդ ըմբիշից: Եվ նա երկար սպասեցնել չտվեց:

Բուդապեշտում ընթացիկ մրցաշրջանի մարտին կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում շնորհաշատ Վազգենը կրկին փայլուն ելույթներ ունեցավ:

21 –ամյա վարպետը  հաջորդաբար գետնեց   աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին, Եվրոպայի փոխչեմպիոն, բելառուսցի   Նյուրգուն Սկրյաբինին, օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլուն,  աշխարհի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանը ներկայացնող  Մագոմեդմուրադ Գաջիևին ու մտավ եզրափակիչ:

Առաջին տեղի համար պայքարը առավել  լարված էր  և չափազանց մեծ արժեք ուներ նույնիսկ մեկ միավորը: Բայց, ինչպես միշտ, գոլեցյանական դպրոցի սանը միայն հաղթանակ տանելու վճռականությամբ ելավ ասպարեզ և իրենն արեց,  չոր հաշվով  <<  ջնջեց >>    օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ազերի  Հաջի Ալիևին  ՝  9:0 :

Հայ մարզիկն  իր հայրենակիցներին  ներկայացավ որպես Տոկիոյի խաղերի մասնակից:

Այդքանով երկրպագուները կարծես չեն բավարարվել: Հիմա էլ իրենց  կուռքից օլիմպիական հաջողություն են սպասում: Այս մասին խոսեցինք ըմբիշի անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի հետ:

Ասաց, որ վաղ է խոսել մեդալի մասին: Ամեն բան ցույց կտա օլիմպիական մրցագորգը: Մի բանում հաստատ համոզված է, որ  իր աշակերտը մրցումներում  լիովին կբացահայտի  ունակությունները: Իսկ նրա տեխնիկատակտիկական հնարքների վառոդամանում պաշարը կարծես անսպառ է: Հաղթանակի ձգտող սանը մրցության ընթացքում կարծես հայացքով մշտապես փնտրում, որոնում է մրցակցին, թե որտեղ է նա, ու  հետապնդումը շարունակում է մինչև ժամանակի ավարտը:

Վազգենը հուսալի ըմբիշ է , սիրում է իր հողն ու ջուրը, ազգային ավանդույթները: Նա կառչած է արմատներին, հանուն որի պատվասիրություն է դրսևորում մրցակիցների դեմ պայքարում . . .  

Վազգեն Թևանյանը ծնվել է 1999թ. հոկտեմբերի 27 –ին, այն օրը , երբ դավաճանության զոհ դարձավ  Վազգեն Սարգսյանը: Նորածին որդուն հայրը կնքեց  սպարապետի անունով:

Սպարապետի ապրած կյանքը վկայել է, որ նա եղել է անպարտելի հայրենասեր: Ըստ էության անպարտելի է ցանկանում դառնալ նաև մեր օլիմպիականը:

Այլ նորություններ