Ընդամենը 52 օր է մնացել Փարիզի ամառային մարզահանդեսի մեկնարկին և օրավուր ավելի լսելի է դառնում օլիմպիական խաղերի շունչը: Անշուշտ, առավել նպատակային են դառնում նախապատրաստական պարապմունքները: Բնականաբար մասնագետների ուշադրության կենտրոնում են օլիմպիականները: Բայց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նաև հեռուն տանող նպատակներ է հետապնդում:
Ծաղկաձորում երեկ սկսված ուսումնամարզական հավաքում խաղեր մեկնող մեր երեք ընտրյալների՝ Վարազդատ Լալայանի, Անդրանիկ Կարապետյանի և Գարիկ Կարապետյանի հետ մարզումներում ընդգրկված են նաև 21 –ամյա Գոռ Սահակյանն ու Գևորգ Ղահրամանյանը:
- Գլխավոր թիմի կազմի փոփոխությունը պետք է սահուն, աննկատ լինի, - զրույցում ասաց անվանի մարզիչը: - Ծաղկաձորյան մարզումներում ընդգրկել ենք հերթափոխի կանգնածներից այդ երկյակին: Թիվը փոքր է, որպեսզի հնարավորիս կարողանանք գումար խնայել: Հունիսի 16 –ին կիջնենք Երևան ու Օլիմպավանում նոր երիտասարդների կհրավիրենք հավաքի: Ամեն բան արվում է այնպես, որ Բահրեյնի Մանամա քաղաքում դեկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնություն կարողանանք ուղեկցել տասը ծանրորդի: Փորձառուների կողքին պետք է լինեն նաև երիտասարդները: Ինչ վերաբերում է Փարիզի ստուգատեսին , ասեմ, որ աշխարհի բոլոր մարզիչների պես , մենք նույնպես, պետք է կարողանանք ցանկալի մարզավիճակով մեր հերկուլեսներին ներկայացնել օլիմպիական մրցաբեմ: