Հայաստանի առաջնություն հիշեցրեց մայրաքաղաքի հրաձգության մարզադպրոցում անցկացված անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի՝ ավանդական հուշամրցաշարը: Բոլոր առաջատար նշանառուները իրենց դիպուկությունը դրսևորեցին կրակագծում: Այդ փաստն արդեն վկայում է մեծագույն հարգանքն ու անմոռանալի հիշատակը մեր երկրի կանանց սպորտի խորհրդանիշ համարվող Զինաիդա Սիմոնյանի նկատմամբ:
Նա հրաձգություն մարզաձևի համաշխարհային ամենափայլուն աստղերից մեկն էր: Եղել է Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի չեմպիոն, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի 56 ռեկորդ :
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, արժանացել է << Մովսես Խորենացի >> պարգևի, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ էր:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձավ ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ, ուսմասվար, ապա ` տնօրեն : Ավաղ, նա անժամանակ կնքեց իր մահկանացուն: Կարճատև հիվանդությունից հետո, 2012թ. մարտի 23-ին, 62 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց երևանցի մեծանուն նշանառու Զինաիդա Սիմոնյանը :
Նրա համար առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն էր։ Մեծ հայրենասերը երջանիկ ապրելու լավագույն միջոցը համարում էր երկրի անխոցելի պաշտպանությունը, մեր ազգային բանակը . . .
Իր ելույթներում հորդորում էր պատանիներին, որ կրակել սովորեն, տիրապետեն զենքին, ունենան սուր աչք և չդողացող ձեռք։ Հաճախ էր դիմում հայ մայրերին, որ իրենց զավակներին մարզումների ուղեկցեն հրաձգարաններ։
Անդրադառնալով 13 –րդ ավանդական մրցումներին, ասենք, որ երևանցիների հետ կրակագծում իրենց դիպուկությունը որոշեցին նաև Գյումրու և Վանաձորի պատվիրակները:
Օդամղիչ զենքով, 10 մետրից 60 կրակոցով լավագույններ ճանաչվեցին հրացանակիրներ Միհրան Գաբրիելյանը և Մարիամ Միքայելյանը, ատրճանակավարներ Բենիկ Խլղաթյանը ու Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախում (30+30 կրակոց) ՝ Գոռ Խաչատրյանը և Գոհար Հարությունյանը, իսկ վազող թիրախի խառը երկյակների մրցությունում (20+20 կրակոց) ամենաբարձր արդյունքը գրանցեցին Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանը: