ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐԱԿԱՆՈՒՄ

10:57 - 24 Հուն, 2024

Լոս Անջելեսում,  շրջանաձև մրցակարգով,   Հայաստանի, Գվատեմալայի և Իռլանդիայի տղամարդկանց բասկետբոլի հավաքականների մասնակցությամբ անցկացվեց միջազգային ընկերական մրցաշար:

Գլխավոր մարզիչ, ամերիկահայ  Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ մեր թիմը առաջին խաղում միավորների զգալի տարբերությամբ հաղթեց / 89 : 57 / Գվատեմալայի ընտրանուն:

Չափազանց լարված պայքարում ընթացավ իռլանդացիների հետ հանդիպումը: Հաղթողը որոշվեց մրցամարտի վերջնամասում: Հավաքականի նորեկ Կոնոր Էսիջյանը դիպուկ նետումով առաջ մղեց մեր թիմին, որը հաղթեց մեկ միավորի տարբերությամբ ՝ 92:91:  

Նշենք, որ Իռլանդիա –Գվատեմալա խաղում գրանցվեց  64 : 60 հաշիվը:

Մեր թիմի հաջողության գործում կրկին աչքի ընկավ հավաքականի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, որը առաջին խաղում վաստակեց 26, իսկ երկրորդում՝ 21 միավոր:  

Տպավորիչ խաղ ցուցադրեցին նաև Կոնոր Էսիջյանը, որը երկրորդ մրցամարտում վաստակեց 20 միավոր և պաշտպան Գաբրիել Աջեմյանը, որը չորրորդ խաղափուլում իր հաշվին վեց միավոր գրանցեց և նպաստեց մեր թիմի հաջողությանը:  

Լոսանջելեսյան  հանդիպումներին  ներկա են եղել մեծաքանակ  հայազգի մարզասերներ:

Անդրօվկիանոսյան հաղթանակները հույս են ներշնչում, որ տղամարդկանց բասկետբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի  ծրագրով  նոյեմբերի 24 –ին  Երևանում կայանալիք ավստրիացների դեմ պատասխան խաղում մերոնք կհաղթեն:  

 

Այլ նորություններ