Մհեր Մկրտչյան. Հարկադրված դադարն ինչ-որ տեղ նույնիսկ օգնեց

14:01 - 03 Մայ, 2017

Ֆրանսիայում բնակվող եւ տեղի «Շարվյե Շավանյե» ակումբի կազմում մարզվող հայ առաջատար հեծանվորդ Մհեր Մկրտչյանը (լուսանկարում` աջից), վերականգնվել է վնասվածքից հետո եւ կրկին մասնակցում է մրցումների:

Հեծանվորդն սկսել է մարզումներն անցած շաբաթվանից: Օրերս Մկրտչյանն այս տարի առաջին անգամ Էբանս քաղաքում մասնակցեց հեծանվահրապարակի մրցումների:

Հաղթողը որոշվում էր օմնիումում (երեք դիսցիպլինների ընդհանուր արդյունքով). մրցավազք` միավորներով (Մհերը զբաղեցրեց 2-րդ տեղը), մրցավազք` դուրս գալով (7-րդ տեղ), սկրետչ (1-ին տեղ):

Արդյունքում հայ հեծանվորդը երրորդն էր 40 մասնակիցների մեջ:

«Վնասվածքի պատճառով հարկադիր դադարն ինչ-որ տեղ նույնիսկ օգնեց: Կարեւորը՝ ես նորից զգացի իմ սիրելի հեծանվահրապարակը:

Էբանսում մրցաշարի մասնակիցների մեծ մասը շաբաթվա վերջին հանդես կգա հեծանվահրապարակի Ֆրանսիայի գավաթի առաջին փուլում: Ես բաց կթողնեմ հեծանվավազքը, որպեսզի վնասվածքից հետո վերականգնեմ մարզավիճակս: Դեռ բժիշկների հսկողության տակ եմ գտնվում, բայց ինձ լավ եմ զգում: Ֆիզիկական պատրաստվածությունս իհարկե կարող է ավելի լավ լինել: Պետք է ավելացնել:

Ֆրանսիայի գավաթի փոխարեն մայիսի 6-ին հանդես կգամ խճուղային հեծանվավազքում: Մայիսի 13-ին իմ թիմի կազմում (ընդամենը 6 հեծանվորդ) կմասնակցնեմ խճուղային հեծանվավազքի Ֆրանսիայի գավաթի երկրորդ փուլին:

Աշխատում եմ շատ մրցումների մասնակցել, որպեսզի ավելի արագ վերականգնեմ մարզավիճակս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Մհեր Մկրտչյանը:

 


Լուսանկարը` Մհեր Մկրտչյանի անձնական արխիվից

Այլ նորություններ