ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԱՆ

10:57 - 01 Հուլ, 2022

Շուրջ երկու տասնամյակ  մեզանում դադարել էին թիավարությունից անցկացվող միջազգային մրցաշարերը: Եվ ահա Երևանի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ, մի քանի օր շարունակ, բազմերանգ նավակներով ու մարզաշապիկներով թիավարները ակոսում էին  մայրաքաղաքի Լիոնի այգու լճի ջրերը:

Վրաստանի և  Հայաստանի չորսական քաղաքներ ներկայացնող  շուրջ  90 բայդարկավար ու կանոիստ  մարզիկ – մարզուհիներ պայքարեցին  << Լիոնի գավաթի >>  մրցանակներին արժանանալու համար:

Չորս տարիքային խմբերում խաղարկվեցին 72 մեդալներ:

Քանի որ ջրուղու ուղիղ հատվածը 200, իսկ շրջանաձևը՝ 2000 մետր է, ուստի հենց այդ տարածություններում էլ ծավալվեց մրցողների պայքարը:

Միջազգայինի  կազմակերպիչ,  ՄՊՄԴ –ի տնօրեն, վաստակավոր մարզիչ Մելիք Սանդրոսյանն  ասաց, որ մեծ էր  մարզասերների հետաքրքրությունը  մրցաշարի, մասնավորապես ՝ մեծահասակների պայքարի նկատմամբ: Դա տրամաբանական է, որովհետև հաճելի է հետևել տեխնիկապես ու  տակտիկապես գրագետ գործող և մեծ արագություն զարգացնող վարպետների գործողություններին:

Մեր զրուցակիցն ընդգծեց բայդարկավար երևանցիներ Սիմոն Սիմոնյանի, Միլենա Սիրունյանի  / մեկտեղանոց նավակ /, Նարեկ Ավագյան – Սարգիս Սուքիասյան զույգի  / երկտեղանոց նավակ /, սևանցի կանոիստ Գևորգ Փիլոսյանի / բոլորն էլ ՝ 200 մետր /, նրա համաքաղաքացի բայդարկավար Տիգրան Խաչատրյանի / 2000 մետր / ուշագրավ ելույթները:

Հյուրերի հաշվին նույնպես հաղթանակներ գրանցվեցին: Օրինակ, մցխեթցի Սանդրո Տեզելիշվիլին / բայդարկա /, բաթումցի Մատվեյ Վասիլկովը / կանոէ / և էլի մի քանիսը:

Հայաստանի մասնագետների սպասելիքները արդարացրեց Երևանի միջազգայինը, մանավանդ, որ խոստումնալից պատանի և երիտասարդ թիավարներ են աճում մեզանում:

 

Այլ նորություններ