Երևանի Օլիմպավանի ձյուդոյի մարզադահլիճում օրնիբուն եռուզեռ է: Այս օրերին այնտեղ ուսումնամարզական համատեղ հավաք են անցկացնում տարիքային բոլոր խմբերի / պատանեկան, երիտասարդական և մեծահասակների/ հանրապետության հավաքականները :
Ձյուդոյի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների որոշումներով, կորոնավիուսի տարածման պատճառով, բազմաթիվ վարկանիշային և գավաթի խաղարկության միջազգային մրցաշարեր են հետաձգվել կամ ` չեղարկվել: Օրինակ, նախատեսված էր, որ մեր լավագույնները պետք է հանդես գային Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում մարտի 6 – 8 –ը կայանալիք վարկանիշային / Գրան պրի / մրցաշարին, որը նույնպես տեղի չունեցավ: Իսկ ահա գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի առաջատար Ֆերդինադ Կարապետյանին կուղեկցի ՌԴ Եկատերինբուրգ քաղաք: Այնտեղ Ֆերդինանդը կմասնակցի մարտի 13 –ին սկսվող << Մեծ սաղավարտ >> անվանումով օլիմպիական վարկանիշային մրցաշարին: