Արտաշես Մադոյան. Մեր սուսերամարտիկները բավականին ուժեղ խմբերում էին հայտնվել

18:09 - 25 Ապր, 2017

Հայ սուսերամարտիկներն օրեր առաջ Բելառուսում մասնակցեցին Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ Էմմա Պողոսովան (խոցասուսեր)  եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր)  պարտվել էին լավագույն 32-ի համար պայքարում:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում  նշեց, որ առաջնությունը շատ ուժեղ էր եւ բոլոր թիմերը ներկայացել էին մարտական կազմերով.

«Մեր մարզիկները շատ ուժեղ խմբերում էին հայտնվել: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը մյուս սուսերամարտիկները մասնակցել էին այդ տարիքային խմբի Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին, որտեղ միավորներ էին ձեռք բերել: Իսկ  մերոնք` ոչ: Այդ պատճառով վիճակահանությունը նրանց ուժեղների դեմ էր դուրս բերել: Ամեն դեպքում մեր սուսերամարտիկների ելույթներից գոհ չեմ: Ավելին էի ակնկալում:

Երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո մենք չէինք հասցրել որեւէ մրցաշարի մասնակցել կամ հավաք անցկացնել: Տեղում մարզումներից հետո միանգամից գնացինք Եվրոպայի առաջնություն: Դա էլ իր ազդեցությունն ունեցավ»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Արտաշես Մադոյանը հայտնեց, որ այսօր` Եվրոպայի առաջնության վերջին օրը, ընդունող երկիրը դրոշը կփոխանցի Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին:  2018 թ. այդ տարիքային խմբի աշխարհամասի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում:

 

Լուսանկարը` Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի

 

Այլ նորություններ