Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ օլիմպիական շարժման մեջ խտրականություն չկա: Այս մասին նա խոսել է Փարիզում՝ կազմակերպության 142-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ։
Վեհաժողովը տեղի է ունեցել Louis Vuitton hիմնադրամի խորհրդանշական շենքում, որտեղ Պիեռ դե Կուբերտենը 1894թ. անցկացրել է պատմական կոնգրեսի վերջին երեկոն:
« . . . Մարզիկները ներկայացնում են ավելի լավ ապագայի մեր ընդհանուր հույսը: Նրանք մեզ ցույց են տալիս, թե ինչպես պետք է խաղաղ ապրել մեկ հարկի տակ՝ օլիմպիական ավանում: Օլիմպիական շարժման մեջ բոլորս հավասար ենք, չկա խտրականություն, - ասել է Բախը և շարունակել : - Այս դժվարին ժամանակներում աշխարհում մարդկությանը բաժանող շատ ուժեր կան. պատերազմներ և հակամարտություններ, համաշխարհային տնտեսության պառակտում, ագահություն, ատելություն, կեղծ լուրեր, պրոտեկցիոնիզմ . . . ցանկը կարելի է շարունակել:
Մարդկությունը կուշտ է ատելությունից, ագրեսիայից, սպանություններից, պատերազմներից և առճակատումից: Մենք ձգտում ենք մի բանի, որը մեզ միավորում է: Մենք անհամբերությամբ սպասում ենք Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին՝ որպես հույսի խորհրդանիշ, որպես միասնության խորհրդանիշ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համար ֆինանսը համերաշխության գործիք է: Մեր կոմերցիոն գործընկերների ֆինանսական աջակցության շնորհիվ արդեն ունենք 7,3 միլիարդ դոլար եկամուտ 2025-2028թթ.՝ հաջորդ օլիմպիական խաղերի համար և դրանք միայն կավելանան: Իրավիճակն այնքան կայուն է, որ մեզ թույլ է տալիս 10%-ով ավելացնել օլիմպիական համերաշխության բյուջեն, որը կհասնի 650 միլիոն դոլարի ՝ գալիք մարզահանդեսների համար »:
Թոմաս Բախը նաև նշել է, որ կա 206 ազգային օլիմպիական կոմիտե, որոնք գործում են ՄՕԿ –ի կանոնադրությամբ՝ խարտիայի համաձայն:
ՄՕԿ-ի նստաշրջանի բացման արարողությանը ներկա էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: