ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ

10:39 - 29 Սեպ, 2020

<< Գազպրոմ Արմենիա >>  մարզահամալիրում  անցկացվել է  մարզական և  մարտական սամբոյի ՀՀ առաջնությունը։ Մրցագորգ  ելած 120 մարզիկ –մարզուհիների թվում էին  նաև  Արցախի պատվիրակները։

Դիտարժան գոտեմարտեր շատ եղան։ Մասնագետներին գոհացրեց հատկապես սամբիստների կատարած տեխնիկական հնարքների բազմազանությունը։

Մրցաշարի արդյունքներով կազմվեցին կանանց և տղամարդկանց հավաքականները, որոնք  կնախապատրաստվեն սպասվելիք  աշխարհի առաջնությանը։ Ասածը բացատրվում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հրապարակումով, ըստ որի Սերբիայի Նովի Սադ քաղաքում նոյեմբերի 5 -8 –ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը։ Զուգահեռաբար  կանցկացվեն  նաև  երիտասարդական և պատանեկան ստուգատեսները:

Մրցաշարը նախատեսված էր  Աշխաբադում, բայց համաճարակի  սահմանափակումների պատճառով, Թուրքմենստանի ֆեդերացիան հրաժարվել է միջոցառման կազմակերպումից: 

<< FIAS- ը / սամբոյի միջազգային ֆեդերացիա / միշտ հանդես է եկել   մրցումների առավելագույն քանակի անցկացման օգտին, բայց համաճարակը ճշգրտումներ է մտցրել մեր ծրագրերում։  Շնորհակալ ենք Սերբիայի   ֆեդերացիային` առաջնությունների կազմակերպումը ստանձնելու նախաձեռնության և  պատրաստակամության համար: Այդ երկրի ֆեդերացիան միջազգային մրցումների անցկացման մեծ փորձ ունի, ուստի վստահ ենք առաջիկա մրցումների  հաջող կայացման համար >>, - ասել է FIAS- ի նախագահ Վասիլի Շեստակովը։

 

Այլ նորություններ