Վաղը ՝ փետրվարի 6 –ին, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներից առաջինը մրցուղի կելնի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա ուժերը կչափի 30 կմ սկիաթլոն մրցաձևում / 15կմ դասական ոճ + 15կմ ազատ ոճ /:
Այսօր մարզումներից հետո դահուկորդների և գեղասահորդների հետ հանդիպեց ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը: Մեզ հետ զրուցում նա ասաց, որ մերոնց տրամադրությունը բարձր է, մանավանդ որ նախամեկնարկային պարապմունքները ծառայում են նպատակին: Ամեն դեպքում որոշ մտահոգություն նկատվում է Միքայելի մարզիչ ծնողների ՝ Արթուր և Ալլա Միքայելյանների մոտ: Նրանց ավագ որդին ՝ Սերգեյը Հայաստանի դահուկորդներից առաջինը և առայժմ միակն է, ով դարձել է միջազգային պաշտոնական մրցաշարի մեդալակիր:Մոտ անցյալում Սերգեյը բրոնզե մեդալ է նվաճել Ալմաթիում անցկացված համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի դահուկավազքում: Ծնողների, և իհարկե նաև մեր ամբողջ պատվիրակության անդամների ցանկությունը մեծ է, որպեսզի Միքայելը նույնպես հաջող մրցելույթ ունենա:
Չենք կասկածում, որ այդ է ցանկանում նաև հայ մարզասերը:
Լուսանկարները ՝ Ասատուր Եսայանցի: