Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հավաքին հրավիրված էին 10 մեծահասակներ եւ 11 պատանիներ:
«Մարզումներն անցկացնում էինք համատեղ: Մեծահասակները նախապատրաստվում են ապրիլի 1-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, պատանիները՝ նույն ժամանակահատվածում Թաիլանդում նշանակված այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը», - ասաց նա:
Մարզիչները ծաղկաձորյան հավաքում հիմնական ուշադրություն դարձրել են մարզիկների տեխնիկական եւ արագաուժային որակներին: Երկու հավաքականներն էլ համատեղ հաջորդ հավաքը կշարունակեն մարտի 6-ից՝ Աբովյան քաղաքում:
Մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնություն մեկնելու է Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, իսկ պատանիների հավաքականը՝ Էդիկ Կիզողյանի: