Եվրոպայի օլիմպիական կոմիտեն / ԵՕԿ / շարունակում է hարստացնել 2023թ․ Լեհաստանում կայանալիք հին աշխարհամասի երրորդ խաղերի մարզաձևերի նախնական ցանկը: Իր նորամուտը կնշի մուաթայը:
Ավելի քան 1000 տարեկան մուաթայը աշխարհում արագ տարածվող մարտարվեստներից մեկն է: Լեհաստանում կխաղարկվի մեդալների յոթ հավաքածու՝ տղամարդկանց ու կանանց, և ևս երկուսը՝ խառը թիմային մրցումներում:
Ավանդաբար, ասիական երկրներն են ուժեղ թաիլանդական ոճի այդ բռնցքամարտում: Վերջին տարիներին առաջատար դիրքերում են նաև եվրոպացիները: Այդ են վկայում աշխարհի վերջին երկու առաջնությունների արդյունքները:
Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկվող մի շարք մարզաձևերի մրցումներում խաղարկվելու են << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Հավելենք, որ թաիլանդական << մուաթայը >>, գրեթե քառորդ դար, գործում է նաև Հայաստանում: Կարծում ենք, որ մարզաձևի հանրապետական ֆեդերացիան նույնպես մարզիկներ կգործուղի Եվրոպական երրորդ խաղեր: Ճիշտ է, դրա մեկնարկին դեռևս երկու տարի կա, բայց պետք է մինչ այդ թիմեր նախապատրաստել, մասնակցել վարկանիշային մրցաշարերի, յուրացնել մրցակարգը, հարստացնել մարզիկների տեխնիկատակտիկական որակները, բարձացնել մարտունակությունը ու պատվով ներկայացնել մեր երկիրն այդ միջազգային հեղինակավոր ստուգատեսում: