Հոկտեմբերի 20-ից 28-ը մարզասերների ուշադրության կենտրոնում կլինի Բուդապեշտը: Այդ օրերին Հունգարիայի մայրաքաղաքում հաջորդաբար կանցկացվեն ազատ, ապա` հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունները: Նշած երկու մարզաձևերի հավաքականները նույն հաջորդականությամբ նախապատրաստական վերջին փուլի ուսումնամարզական հավաքներն են անցկացնում Երևանի Օլիմպավանում: Առաջինը մրցավայր կմեկնեն ազատ ոճայինները /հոկտեմբերի 19-ին/: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հավաքականում ընդգրկել է հետևյալ ըմբիշներին. Միհրան Ջաբուրյան /57կգ/, Վալոդյա Ֆրանգուլյան /65կգ/, Դավիթ Սաֆարյան /70կգ /, Վալտեր Մարգարյան /74կգ/, Գրիգոր Գրիգորյան /79կգ / և Գեորգի Կետոև /97կգ /:
Օլիմպավանի մրցագորգերի վրա հոկտեմբերի 24-ին է ուսումնամարզական վերջին հավաքը ավարտելու հունահռոմեական ըմբշամարտի մեր ընտրանին:Նույն օրը մերոնք կմեկնեն Բուդապեշտ: Գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը ասպարեզ կհանի Նորայր Հախոյանին /55կգ /, Գևորգ Ղարիբյանին /60կգ /, Սլավիկ Գալստյանին /63 կգ / , Կարեն Ասլանյանին /67կգ /, Կարապետ Չալյանին /77կգ / , Մաքսիմ Մանուկյանին /82 կգ /, Արթուր Շահինյանին / 87կգ/ և Արթուր Ալեքսանյանին /97կգ /:
Երկու թիմերում էլ հեղինակավոր մարզիկներ ունենք: Հույս են ներշնչում նաև երիտասարդները,ովքեր լավ մարզավիճակով կմեկնեն Բուդապեշտ:
ՀԱՕԿ լրատվական բաժին