Մեր մարզիկների փորձը մեծ է, անցած ճանապարհն էլ՝ դժվարին. Լևոն Ջուլֆալակյան

10:50 - 09 Հուն, 2016

Հունահռոմեական ոճի ըմբշմարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի համար Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը կլինեն 6-րդը՝ որպես մարզչական շտաբի անդամ և ղեկավար: Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ հայ մարզիկներից ամենաշատ մեդալների ակնկալիքներ կան հենց հունահռոմեական ոճի ըմբիշներից: Օլիմպիական չեմպիոնը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում շատ զուսպ, բայց միևնույն ժամանակ հստակորեն պատմեց, թե ինչ կարող են անել ըմբիշներն այս Օլիմպիական խաղերում, ինչը չպետք է խանգարի նրանց այդ հարցում:  

 

-Պարոն Ջուլֆալակյան, ինչի՞ հետևից է հունահռոմեական  ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնում Ռիո:

-Բնականաբար, մեր հավաքականը Ռիո է մեկնում հաղթանակների համար: Բոլորս էլ գիտենք Օլիմպիական գաղափարրը՝ կարևորը մասնակցությունն է, բայց ինձ համար անընդունելի է միայն մասնակցությունը: Օլիմպիական խաղերն այն տոնն են, որը տոնում են ամբողջ աշխարհում: Տոնն առավել հիշարժան է դառնում, երբ հաղթանակած ես վերադառնում: Մեր հավաքականը մինչև Օլիմպիական խաղերը տարատեսակ մեդալներ է նվաճել: Եվ հիմա էլ նպատակ ունենք նույնը շարունակել նաև Խաղերին: Չեմ ցանկանա ոչ մի մեդալի գույն և քանակ ասել, բայց որ թիմը մարտական է տրամադրված, դա հաստատ է:

-Ձեր երկարամյա աշխատանքը և փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք մարզիկներին, որպեսզի նրանք հիշեն գորգի վրա:

-Ամենակարևորը հոգեպես պետք է պատրաստ լինել: Իսկ մեր տղաների անցած ճանապարհը մեծ փորձ է տվել: Պետք է մոտենալ Օլիմպիական խաղերին այնպես, ինչպես մյուս բոլոր մրցաշարերին: Կցանկանայի, որ ավելի թեթև մոտենային, քանի որ Օլիմպիական խաղերն անհամեմատ հեշտ և դժվար են: Ամեն ինչ կախված է անհատից: Պետք չէ, որ մարզիկները հուզվեն, լարվեն և նախապես իրենց պատկերացնեն այդ պատվանդանի վրա կանգնած:

-Ի՞նչ հետևություններ եք արել Լոնդոն-2012-ից հետո, որոնք չեք ցանկանալ կրկնել Ռիո-2016-ին:

-Ավելի շատ տեխնիկական, տակտիկական բացթողումներ են եղել: Ես կցանկանայի, որ այդ բացթողումները, որ եղան իրենց անձնական հակառակորդների հետ, նույնը տեղի չունենա Ռիոյում:  Մեր մարզիկների փորձը մեծ է, անցած ճանապարհն էլ դժվարին է եղել, հիմա պետք է ճիշտ հավաքվենք և ճիշտ մոտեցում ցույց տանք:

-Պարոն Ջուլֆալակյան, գնահատեք մեր մարզիկներին, ոչ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, այլ  սեփական գործի գիտակ:

-Բոլորն էլ արժանի մարզիկներ են և իրենց թիկունքում թողած երկար ճանապարհ ունեն: Երկուսին՝ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին, կարելի է մի փոքր առանձնացնել: Իսկ մյուս երկուսն էլ մեծ պոտենցիալ ունեն: Հավաքականի 4 մարզիկներն էլ Օլիմպիական խաղերին լավ մասնակցելու հնարավորություն ունեն: Անհատապես նրանք բոլոր էլ ունեն առավելություններ և թերություններ, ինչպես ցանկացած անձնավորություն: Ամենակարևորն այն է, որ հավաքականի բոլոր անդամները նվիրված են իրենց գործին: Տա Աստված, որ հաջողությունն իրենց հետ լինի Օլիմպիական խաղերի ժամանակ:

՞րն է Ձեր գլխավորած հավաքականի հաջողության հիմնական «մեխը»:

-Չեմ ցանկանա շատ գովաբանել մեր հավաքականին, դա հասարակությունն է տեսնում: Մեր հավաքականում կա ջերմություն, հարգանք, սեր, համերաշխություն և ստեղծվել է մի մթնոլորտ, որ մարզիկները ցանկանում են առաջին հերթին լավ մարդ և լավ մարզիկ լինել: Մեր նորեկներին այդ ամենը ներկայացվում է, եթե չեն ընդունում՝ տեղ չեն գտնում հավաքականում:  

-Ի՞նչ նախապատրաստական փուլեր եք անցնելու մինչ Խաղերը:

-Հունիսի 14-ից 28-ը հավաքականը կմեկնի Ղրիմ, այնուհետ հավաք կանցկացնենք Բելառուսում և վերջին հավաքը կանցկացնենք Երևանում: Քանի որ առաջին գորգ դուրս կգա Արսեն Ջուլֆալակյանը, մենք միասին Ռիո կմեկնենք օգոստոսի 11-ին: 12-ին Մաքսիմ Մանուկյանը կմեկնի Սամվել Գևորգյանի հետ, իսկ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ Ռիո կգան օգոստոսի 13-ին:

Շնորհակալություն և մեծ հաղթանակներ Ձեզ Ռիոյում:

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ