ՀԱՂԹԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

11:17 - 02 Սեպ, 2024

Միայն հայազգի մարզիկներով համալրված Հայաստանի  տղամարդկանց  բասկետբոլի  հավաքականը հաղթող ճանաչվեց  Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարում:

Եզրափակիչում մեր թիմը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ: Լարված ու դիտարժան պայքարում անցավ  հանդիպման ամբողջ ընթացքը: Մտահոգություն կար  երևանցիների  պաշտպանության առումով: Բայց նրանք պատվով դուրս եկան այդ քննությունից և հանդիպումն ավարտվեց  մերոնց հաղթանակով՝ 87:81։

Նշենք, որ ստուգատեսին մասնակցեցին վեց թիմեր, որոնց պայքարում առաջինը ճանաչվեցին  Հայաստանի բասկետբոլիստները:

Արդյունավետ նետումներով լավագույնը Արտյոմ Թավակալյանն էր:

Մրցաշարի և մեր թիմի մասին   ահա թե ինչ է ասել  հավաքականի ավագ մարզիչ Գեորգի Ղազանչյանը՝ ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում. «Մենք մի շարք պատճառներով հաջող մեկնարկ չունեցանք մրցաշարում, բայց խաղ առ խաղ բարելավվեցինք, և այդ ամենն ի վերջո տվեց իր արդյունքը։

Արդյունքը միանշանակ դրական եմ գնահատում, քանի որ մենք դարձանք չեմպիոն։ Եզրափակիչ խաղը մեր լավագույն ելույթն էր․ բոլոր առումներով հիանալի հանդես եկանք։ Նախորդ խաղերում պաշտպանությունում որոշակի խնդիրներ կային, բայց եզրափակչում տղաները առավելագույնն արեցին։ Եթե այլ կերպ խաղայինք, չէինք կարողանա հաղթել ԱՄԷ-ի հավաքականին։ Հաղթանակի հիմնական գործոնը թիմային խաղն էր։

Թիմից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ։ Չեմ առանձնացնի որևէ խաղացողի՝ միայն կասեմ, որ հասանք մեր նպատակին»,- ասաց Գեորգի Ղազանչյանը:

 

Այլ նորություններ