Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի թենիսի ու բադմինթոնի մանկապատանեկան ՄՊՄԴ –ի տնօրեն, մոտ անցյալի նշանավոր ըմբիշ Ռոման Ամոյանը անհրաժեշտ պայմաններ են ստեղծել բադմինթոնիստների պարապմունքները արդյունավետ դարձնելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց մարզաձևի երախտավոր, ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը: Տեղեկացանք, որ այսօր ՀՀ պատանեկան թիմը մեկնեց Չինաստանի Նանչան քաղաք: Այնտեղ սեպտեմբերի 30 –ից հոկտեմբերի 12 –ը կանցկացվի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Նախնական փուլի խմբային մրցաշարում դժվարին խնդիր պետք է լուծեն մեր մարզիկ – մարզուհիները. անհրաժեշտ է առաջինը ճանաչվել Ֆրանսիայի, Սինգապուրի, Թայվանի և Սլովակիայի թիմերի հետ պայքարում, որպեսզի անցնեն հաջորդ փուլ:
Մեր պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, մարզչական միջազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտ Լիլիթ Պողոսյանը մրցավայր է ուղեկցել Լուսինե Սմբաթյան, Էլիզա Հովհաննիսյան, Համլետ Փարսյան, Էդգար Հովհաննիսյան և Նարեկ Պողոսյան հնգյակին:
Բազմափորձ Հրաչյա Պողոսյանը նաև նշեց, որ ուշադիր հետևել է նախապատրաստական փուլի ընթացքին և դրական է գնահատում մեկնածների մարզավիճակը: Թեև պետք է ասել, որ վիճակահանության քմահաճույքով, մերոնց բաժին են ընկել մարզաձևի ավանդույթներով հարուստ ասիական և եվրոպական դպրոցների ներկայացուցիչներ: