Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց եվրոպական երկրների ազատ և հունահռոմեական ըմբշամարտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Ինչպես հայտնի է, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Վազգեն Թևանյանը / 65 կգ / հասել էին եզրափակիչ և իրենց համար ապահովել ուղեգրեր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի սաները վճռական փուլում գերազանցեցին սպասելիքները: Արսենը հաշվի մեծ տարբերությամբ հաղթեց բուլղարացի Գեորգի Վանգելովին / 8 : 3 /, իսկ Վազգենը չոր հաշվով << ջնջեց >> օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին / 9:0 /:
Հաղթանակած մեր ըմբիշների պատվին հնչեց հայոց օրհներգը և փողփողալով վեր խոյացավ եռագույնը:
Հավելենք, որ մեր հերոսները բնակվում են Արարատի մարզում:
Ազատ ոճայիններից հետո մրգագորգերը տրամադրվեցին հունահռոմեական ըմբշամարտի վարպետներին: Մասնակիցների թվում էին Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Նրանք ձախողվեցին, գլխիկոր հեռացան մրցագորգից և հայրենիք վերադարձան ձեռնունայն: